Կայացել է Շիրակի մարզի խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը ընդլայնված կազմով։
Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից՝ համայնքների ղեկավարներից զատ նիստին մասնակցել են համայնքների ղեկավարների տեղակալներ, վարչական և ուժային կառույցների, առողջապահական հաստատությունների, տեսչական մարմինների ղեկավարներ։
Մարզխորհրդի օրակարգային առաջին հարցը համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի առաջին եռամսյակի կատարմանն է առնչվել։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 89,4 տոկոսով։ Եթե տեղական և պետական տուրքերը գանձվել են համապատասխանաբար 153 և 135 տոկոսներով, ապա անշարժ գույքի հարկը կատարվել է 65,9 տոկոսով, հողի և գույքի վարձակալության գումարներն էլ՝ 73,5 տոկոսով։ Նշենք, որ եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ախուրյանում՝ 69.6 տոկոս, ամենաբարձրը՝ Արթիկում( 112,8%) և Անիում(100.7):
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ չնայած առաջին եռամսյակի փաստացի հավաքագրվածի աճը 2022-ի համեմատությամբ 24.9 տոկոս է, սակայն եկամուտների հավաքագրման ցուցանիշնրեը գոհացուցիչ չի կարելի համարել․ «Սեփական եկամուտների կատարումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է։ Մենք մեր քաղաքացիներին անընդհատ հորդորում ենք, որ պետք է սեփական եկամուտները վճարեն։ Միայն նպատակաուղղված ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի, ինչից էլ կախված է համայնքի բարեկեցությունը։ Ես այս հարցում չափազանց հետևողական եմ լինելու և խստապահանջ։ Պետությունը դոտացիան տրամադրում է 100 տոկոսով, սակայն ոչ նորմալ աշխատանքի արդյունքում ունենք ցածր ցուցանիշ։ Բոլորն օրենքի առաջ հավասար են, ոչ մի քաղաքացի չպետք է խուսափի իր պարտավորությունները կատարելուց: Այս պարագայում որևէ արդարացում, կարծում եմ, հիմնավորված չի կարող լինել»։
Օրակարգային հաջորդ հարցը գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի և առաջիկա ծրագրերի մասին է եղել։ Ըստ գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի զեկույցի, մարզում կատարվել է շուրջ 12000 հա գարնանացան, 18203 հա էլ աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 5523 հա-ով: Աշնանացան ցորենի ցանքատարածության աճին նպաստել է «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ցորենի մշակությամբ զբաղվող մարզի 6302 շահառուների ապրիլի 27-ի դրությամբ տրամադրվել է փոխհատուցում՝ շուրջ 1.145 մլրդ դրամ։
«Բոլորիս ջանքերը պետք է մեկտեղվեն գյուղատնտեսական տարվա լիարժեք մեկնարկի համար, որպեսզի հետո արդյունքներից չդժգոհենք։ Ոռոգման սեզոնին ընդառաջ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի գյուղացին դժգոհելու առիթ չունենա։ Աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման ծրագրի իրականացմամբ կառավարությունն այսօր ևս մեկ հնարավոություն է տալիս գյուղացուն հողագործությամբ զբաղվելու և դրանից շահույթ ստանալու, ուրեմն համատեղ աշխատանքով փորձենք մեր առջև ծառացած խնդիրները լուծել»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
2023 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ամբողջական փաթեթների ներկայացման մասին է խոսել զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը՝ նշելով, որ հաստատված կարգի համաձայն 2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 31 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 10 մլրդ 54 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում 5 մլրդ 325 մլն դրամ (53%), համայնքների բյուջեի ֆոնդային մասը՝ 4 մլրդ 640 մլն դրամ (46.1%) և այլ ներդրողներ 89 մլն դրամ (0.9%)։
«Սուբվենցիոն ծրագրերը մեր համայնքներին շունչ տալու, համայնքի բնակչի կյանքը փոխելուն միտված ծրագրեր են։ Ես ուզում եմ, որ հատուկ ուշադրություն դարձնեք սուբվենցիոն ծրագրերին բոլոր բնակավայրերում։ Պետք է տարբերակումներ չլինեն։ Առաջնահերթություններ լինելու են, բայց պետք է համայնքի ղեկավարների ուշադրությունը լինի բոլոր բնակավայրերին հավասարապես։ Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրերից ստեղծվեն են հանձնաժողովներ, որոնք գույքագրել են համայնքներում առկա խնդիրները, դրանք պետք է ներառվեն նաև ձեր կողմից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերում։ Ես հորդորում եմ, որ առաջնորդվեք այս սկզբունքով՝ յուրաքանչյուր բնակավայր, յուրաքանչյուր բնակիչ բարեկեցիկ ապրելու արժանի է մեր մարզում և Հայաստանի Հանրապետությունում։ Քանի որ սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 5-ն է, հորդորում եմ բոլորիդ լինել աչալուրջ և ամբողջական փաթեթներ ներկայացնել, որպեսզի Կառավարությունում դրանք հավանության արժանանան։ Մեր պետության կողմից տրամադրված ցանկացած լումա պետք է նպատակային օգտագործվի, չենք ներելու ոչ մի թերացում և բացթողում։ Դուք ևս լրացուցիչ հսկողություն իրականացնելու համար ստեղծեք հանձնաժողովներ և հետևեք աշխատանքերին»,-ընդգծել է Մուշեղ Մուրադյանը։
2023 թվականին նախատեսված կապիտալ շինարարության ծրագրերի մասին է զեկուցել քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։ Քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվելու է շուրջ 22 միլիարդ 100 միլիոն դրամ գումարի կապիտալ ներդրում։ Այդ թվում 3 մլրդ դրամի բնակարանաշինական աշխատանքներ են իրականացվելու, շուրջ 4 միլիարդ 500 միլիոն դրամի շրջանակներում կառուցվելու և հիմնանորոգվելու է 16 կրթական, մշակութային և մարզական օբյեկտներ, 13 միլիարդ 500 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, 100 մլն դրամի նախագծային աշխատանքներ են կատարվելու, իսկ մասնավոր ներդրողների կողմից շուրջ 1 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ են կանխատեսվում։
Մարզի խորհրդի նիստի ժամանակ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Մուշեղ Մարգարյանն անդրադարձ է կատարել պահեստազորայինների վարժական հավաքների հետ կապված կազմակերպչական աշխատանքներին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետն էլ՝ քաղաքաշինական նորմերի և կանոնների պահպանմանն ու ինքնակամ շինարարական աշխատանքների իրականացման բացառմանը։