Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում

Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում
Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը և Լիլիթ Գալստյանը:
Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Պաու Մարի-Կլոսեի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեն կարևորել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Իսպանիա և միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ պատիվ է ունեցել ներկա գտնվել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում Հայագիտության ամբիոնի բացման արարողությանը:
Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Իսպանիայի Կոնգրեսի կողմից Հայաստանին համերաշխություն և աջակցություն, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ մտահոգություն հայտնող հայտարարությունների միաձայն ընդունումը: Կարևորվել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայումը: ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի առաջիկա նախագահությունը կնպաստի Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցեր:
Պատվիրակության անդամները հանգամանալից ներկայացրել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Այս համատեքստում ընդգծվել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը: