Մասիսի համայնքապետը հյուրընկալեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ան-Լորանս Պետելին

Երեկ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալեց Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ան-Լորանս Պետելին, ով մեկշաբաթյա այցով գտնվում է Հայաստանում:
Ողջունելով Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամին՝ համայնքապետը շնորհակալություն հայտնեց Մասիս համայնք այցի համար, ինչպես նաև կարևորեց քաղաքական գործչի հայանպաստ գործունեությունը:


Դ. Համբարձումյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ Մասիս համայնքը պատրաստվում է բարեկամական կապեր հաստատել ֆրանսիական Էքս Ան Պրովանս քաղաքի հետ, որի ներկայացուցիչն է նաև տիկին Ան-Լորանս Պետելը:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նույնպես շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և տեղեկացրեց, որ ինքը պատգամավոր ընտրվել է 18 համայնքների կողմից, որոնցից մեկն է Էքս Ան Պրովանսը, որի հետ առաջիկայում պատրաստվում է բարեկամանալ Մասիս համայնքը և, որ իր ցանկությունն է ճանաչել Մասիսը, իմանալ իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին:
Համայնքապետն ամփոփ ներկայացրեց Մասիս խոշորացված համայնքը՝ շեշտադրելով համայնքի արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտները:
Խոսելով իրականացվող ծրագրերի մասին՝ համայնքի ղեկավարը նշեց, որ կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, և այս իսկ նպատակով շուտով կիրականացվեն մի շարք ծրագրեր, կբացվեն ՏՏ կենտրոններ:
Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցիչը ողջունեց Մասիս համայնքում իրականացվող ծրագրերը և հավելեց, որ ցանկալի կլինի, որ կրթություն ստացած հայ երիտասարդը մնա և շենացնի իր համայնքը, իր հայրենիքը, որ Հայաստանի հարստություններից մեկը հայ երիտասարդությունն է՝ անկոտրում, պայքարող:
Տիկին Ան-Լորանս Պետելը կարևորեց նաև այն հանգամանքը, որ համայնքապետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքով, և չեն տարբերակվում մեծ ու փոքր բնակավայրեր:
Հանդիպման ընթացքում համայնքապետը սիրով պատասխանեց Ֆրանսիայի խորհրդարանի ներկայացուցչին հետաքրքող հարցերին և հույս հայտնեց, որ այս հանդիպումը դրեց բարեկամության հաստատման սկիզբը: