Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ Գլխավոր Հյուպատոսին
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը այսօր հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։
Համայնքապետը նշել է, որ հանդիպումը ամուր հիմք է ստեղծում հետագա համագործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման համար:
Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: Երկու ժողովուրդների միջև բարեկամությունը առավել խորացնելու և ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի և ԻԻՀ որևէ քաղաքի հետ քույրացման գաղափարը` հատկապես կարևորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում:
Համագործակցության շրջանակներում կարևորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու և հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:
Քննարկել են Հայ-Իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների և ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր: