Սուրեն Պապիկյանը պատրաստ է իր նոր ձեռք բերած բնակարանը վաճառել 300 000 դոլարով
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է 400. 000 դոլար արժողությամբ բնակարան ձեռք բերելու տեղեկություններին և Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը առ այն, որ «կպնդի, որ Պապիկյանը այդ բնակարանը 300.000 դոլարով վաճառի»:
«Այդ տարածքում իմ գնածից ավելի էժան ևս 300 բնակարան է վաճառվել։ Հայտարարագրով կներկայացնեմ, թե որքան կանխավճար եմ տվել, որ բանկից եմ ձեռք բերել վարկը, այդ կանխավճարն ինչի արդյունքում է գոյացել, այդքան աշխատավարձ ստանում եմ, թե՝ ոչ, ամեն ինչը կհրապարակեմ»,-ասաց Պապիկյանը:
Հարցին՝ պատրա՞ստ է բնակարանը վաճառել 300. 000 դոլարով, Սուրեն Պապիկյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ վարչապետի երեկվա հնչեցվածը ես պետք է հաստատեմ, հաստատում եմ, խնդիր չկա»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ Փաշինյանը պատասխանել էր հարցին, թե ինչպե՞ս է, որ Պապիկյանը 412.000 դոլար արժողությամբ բնակարանը ձեռք բերել 168 000 դոլարով:
«Ես ձեզ առաջարկում եմ, եթե դուք ճիշտ եք, ես ձեզ խոստանում եմ, բանկի հետ բանակցեք, 300 000 դոլարով գնեք այդ տունը և 400 000 դոլարով վաճառեք, երբ վաճառեք, կիմանանք, որ դուք ճիշտ եք, համ էլ 100 000 մաքուր շահույթ կունենանք։ Ես առաջարկում եմ գնալ այս ճանապարհով, ես ներողություն եմ խնդրում Պապիկյանից՝ իր անձնական գործերին միջամտելու համար, բայց ես կպնդեմ, որ նա այդ տունը վաճառի ձեզ»,- ասել էր Փաշինյանը։
Աղբյուր՝ tert.am