ՀՀ նախագահն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի տնօրենը քննարկել են օդանավակայանների զարգացմանը վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին:
Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:
Հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ և նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
Քննարկվել են «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և բարելավմանը վերաբերող հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումային ծրագրերի իրականացմանը, օդանավակայանի շենքային ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնման գործընթացին:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցել իրականացվող բարեփոխումներին: