ԵՄ առաքելության նպատակը համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն. ԵԽ պատգամավոր
Եվրամիության առաքելության գլխավոր նպատակը Հայաստանի սահմաններին գտնվելով համոզվելն է, որ Հայաստանի տարածք ներխուժումներ չլինեն, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Երևանում գտնվող Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
«Այս առաքելությանը սկիզբ դրվեց Պրահայի գագաթնաժողովից հետո, երբ Ֆրանսիան, Եվրամիությունը Հայաստանի և Ադրբեջանի առջև հանձն առան ԵՄ առաքելություն տեղակայել: Առաքելությունը հնարավորինս արագ՝ մի քանի օրից, մի քանի շաբաթից կհասնի 100 հոգու, այս պահին այստեղ են 50 դիտորդներ։ Սա քաղաքացիական առաքելություն է, ինչը նշանակում է, որ դիտորդները զինված չեն, նրանց նպատակը պարեկություն կատարելն է, համոզվելը, հաստատելը, որ չլինեն ներխուժումներ Հայաստանի տարածք, փոխհրաձգություն, բռնությունների վերսկսում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամբողջ սահմանի երկայնքով։
Այս պարտավորությունը, իմ կարծիքով, շատ կարևոր է, շատ գնահատելի է Եվրամիության կողմից, որի հիմնական նպատակն է վստահություն ներշնչել տեղի բնակչությանը», - ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը։
Եվրամիության դիտորդները Հայաստան են ժամանել երեկ, նրանց օպերատիվ շտաբը գործելու է Եղեգնաձորում։
Առաքելության ժամանմանը բացասաբար է արձագանքել Մոսկվան՝ պնդելով, որ նրանց նպատակը միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է և ոչ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Անցյալ տարի Պրահայում եվրոպական նախորդ, կարճաժամկետ առաքելությանը հավանություն տված Բաքուն իր հերթին դեմ է արատահայտվել նոր դիտորդներին, անգամ պնդել է, թե «եվրոպացիներն իրենց խաբել են»:
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն հիշեցրեց, որ խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը զեկույցով պահանջել է Ադրբեջանից դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից ու վերադառնալ նախկին դիրքեր։
«Հաճախ ենք լսել, որ Ադրբեջանը պահանջում էր հարգել իր տարածքային ամբողջականությունը, Հայաստանը ևս տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունք ունի, և սա քննարկման ենթակա չէ», - հավելեց նա։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորի կարծիքով՝ սահմանների մշտադիտարկման համար խոչընդոտ չէ, որ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական դելիմիտացիա. «Մենք բոլորս գիտենք, որ կողմերի միջև վերջնական ու ճշգրիտ սահմանազատում չկա, ու դա խաղաղության հաստատման պայմաններից մեկն է»:
«Ցանկալի է, որ այդ հանձնաժողովի աշխատանքը առաջընթաց ունենա, դրանով հանդերձ ոչ ոք չի կարող ժխտել, որ սեպտեմբերին կատարվածը ներխուժում էր և հարվածներ էին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Գյուղերը, որոնք թիրախավորվել են, հայաբնակ, Հայաստան պետության կողմից կառավարվող բնակավայրեր են, հետևաբար Հայաստանն է, որ թիրախավորվել է», - նկատեց պատգամավորը:
Աղբյուրը՝ azatutyun.am