Արցախը մնացել է ներքին էներգետիկ ռեսուրսների հաշվին՝ էներգետիկ ճգնաժամը խորանում է
Հունվարի 9–ից ի վթարված է Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում ընդգծում է՝ մինչև վթարը Արցախը սպառում էր ժամում 60–65 մեգավատ հոսանք կամ օրական 1․5 մլն կիլովատ/ ժամ էլեկտրաէներգիա։ Դրանից 900 հազարից 1 մլն կվտ ժամը Հայաստանից էր ներմուծվում։ 600 հազար կիլիովատ ժամն արտադրվում էր Արցախում։ Վթարից հետո էլեկտրաէներգիայի պակասուրդի պայմաններում արդյունաբերական շատ օբյեկտներ դադարեցրել են գործունեությունը։ Այս պահին, չհաշված այդ մեծ ձեռնարկությունները, Արցախին նորմալ էլեկտրակարարման համար 45 մեգավատ ժամ հոսանք է անհրաժեշտ։ Արցախում, սակայն, ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվում՝ 30–36 մեգավատ։ Դա կախված է Սարսանգի ջրամբարում առկա ջրի քանակից, ուստի հոսանքի պակասուրդն ավելի ու ավելի է մեծանում։
Խնայողաբար՝ օգտագործել հոսանքը
Արցախում էներգետիկ համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը, բաշխիչ ցանցը գտնվում է ծայրահեղ վիճակում ejc.am–ի թղթակցի հետ զրույցում փաստում է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը։ Արցախը էներգետիկ պահանջարկը բավարարում է ներքին ռեսուրսների հաշվին՝ ասում է ու նշում, որ ցանցի վիճակը ավելի վատ է , քան հունվար 9–ին էր։ Արցախում էներգետիկ համակարգը կաթվածահար է հունվարի 9–ից, երբ վթարվեց Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրագիծը։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս այն վերանորոգել։ Նախնական տվյալներով մի քանի ժամում հնարավոր կլինի վթարը վերականգնել, բայց վերջնական գնահատականը կլինի,երբ մասնագետները վթարի վայր կմեկնեն։ Այս պահին Արցախում հոսանքն անջատվում է մեկական ժամով՝ վեց անգամ։ Ժամանակացույցի փոփոխություն դեռ չի քննարկվում է՝ ասում է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տնօրենը։ Բայց հորդորում է՝ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան
Ամենաշատ վթարները Ստեփանակերտում են
Քանի որ էլեկտրաէներգիայի սպառման ամենամեծ ծավալը Ստեփանակերտում է,․ ուստի հենց Արցախի մայրաքաղաքում են ամենաշատ վթարները լինում։ Հովհարային անջատումները նախկինում մեկ անգամ էին, հետո՝ երկու, հիմա՝ երեք անգամ։ Անընդհատ փոխվում է՝ կախված ջրի քանակից, որպեսզի ընդհանրապես ընդհատումներ չլինեն՝ մինչև նոր հիդրոռեսուրսների կուտակումներ»։
Վթարված ու Ադրբեջանին մնացած էլեկտրագծերը
Հունվարի 9–ից վնասված է Գորիսից Ստեփանակերտ ձգվող «Շինուհայր» էլեկտրագիծը։ Մինչև պատերազմը Արցախը Հայաստանից սնվում էր էլեկտրահաղորդման երկու գծով՝ Բերձորով անցնող «Արցախ» գծով և Սոթքով անցնող բարձրավոլտով։ Պատերազմից հետո նոր կառուցված Սոթք– Քարվաճառ հատվածով անցնող էլեկտրագիծը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ։ 44–օրյա պատերազմից հետո գործում էր միայն «Շինուհայր» գիծը։ «Շրջափակումից հետո «Շինուհայր» գծում վնասվածք է եղել։ Մոտավորապես Շուշիի հատվածներում։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ մասնագետները մոտենան տարածքին։
Ինչպե՞ս է Արցախը լուծելու հոսանքի հարցը
«Հայկական էներգետիկական ակադեմիա» ՀԿ նախագահ Ստեփան Պապիկյանը ejc.am–ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ ստեղծված իրավիճակում ելքը նոր ՀԷԿ–երի կառուցումն է։ Բացի այդ, ըստ նրա Արցախում նաև փոքր հզորությամբ գազատուրբինային ՋԷԿ պետք է կառուցվի։ 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախն ունեցավ 112,5 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ։ Արցախի Հանրապետության վերահսկողության տակ են մնացել 34 ՀԷԿ-երից 6-ը։ Հինգը փոքր ՀԷԿ-եր են, մեկը` խոշոր։ Այս կորուստներից հետո Հայաստանի և Արցախի էներգետիկ անվտանգության գնահատականներն արդեն հուսադրող չէին նույնիսկ մինչև շրջափակումը։