Հարսանեկան տուրիզմն Իտալիային բերել է 599 մլն եվրո
Ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ ընտրում են Իտալիան իրենց հարսանեկան տոնակատարության համար: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Զբոսաշրջության հետազոտությունների ազգային կենտրոնի (Cst) տվյալներով, 2022 թվականին Ապենիններում անցկացվել է ավելի քան 11000 հարսանեկան արարողություն։
Նշվում է, որ հարսանիքներին մասնակցելու համար երկիր է այցելել 619 հազար մարդ՝ նորապսակներն ու նրանց հյուրերը, իսկ կեցության միջին տևողությունը կազմել է 3,3 գիշեր։
Այս տեսակի զբոսաշրջային բիզնեսի շրջանառությունն աճել է 11 տոկոսով՝ համեմատած 2019 թվականի նախաքովիդային մակարդակի հետ և հասել 599 միլիոն եվրոյի։ Տոնական միջոցառման միջին բյուջեն կազմել է գրեթե 54 հազար եվրո։
Նշվում է նաև, որ Իտալիա ժամանած օտարերկրացիների ավելի քան մեկ երրորդը պաշտոնական ամուսնություն է կնքել, իսկ գրեթե 11 տոկոսը ամուսնացել է եկեղեցիով։
Ամենից հաճախ Իտալիայում ամուսնանում են ԱՄՆ-ից (նրանց մասնաբաժինը 29%), Մեծ Բրիտանիայից (25%) և Գերմանիայից (10%) զույգերը։
Տոսկանան դարձել է հարսանեկան զբոսաշրջության առաջատարը։ Դրան հաջորդում են Լոմբարդիան, Կամպանիան, Ապուլիան, Սիցիլիան և Լացիոն։ Օտարերկրացիների միջև արարողությունների գրեթե երեք քառորդը տեղի է ունեցել Ապենիններում հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Աղբյուրը՝ panorama.am