Ռուսաստանն ու Իրանը գործարկել են SWIFT-ի նման բանկային համակարգ՝ պաշտպանված արևմտյան պատժամիջոցներից
Իրանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանը և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ միացնելու իրենց բանկային հաղորդագրությունների համակարգերը, որոնց միջոցով կհեշտացվեն ֆինանսական և բանկային փոխանակումները, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Այսօր ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի միջև փոխկապակցման և ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է նաև 13 այլ երկրի, որոնք ներկա են ռուսական շուկայում: Դա կհեշտացնի ֆինանսական և բանկային փոխանակումները: Այսուհետ բոլոր իրանական և բոլոր ռուսական բանկերի ֆինանսական մեսենջերները կապված են միմյանց հետ», - ասել է Իրանի ԿԲ-ի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Քարիմին Թեհրանում Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:
«Համաձայն այս հուշագրի՝ իրանական և ռուսական բոլոր բանկերը կարող են ստանալ ստանդարտ բանկային հաղորդագրություններ», - հավելել է Քարիմին՝ ընդգծելով, որ հաղորդագրությունների համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից, քանի որ այն հիմնված է երկու երկրների ներքին ենթակառուցվածքի վրա:
Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչն իր հերթին ասել է.
«Այս հուշագրի ամենամեծ առավելությունն այն է, որ ստորագրումից հետո արևմտյան պատժամիջոցները չեն կարող ազդել դրա վրա, և մեր ֆինանսական կառույցներն ավելի լայնորեն են կապվելու Իրանում գործող ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների հետ»:
Աղբյուրը՝ tert.am