Արցախի հողը հատուկ ուժ ունի, այն մարդուն է փոխանցվում նաև գինու միջոցով ․ «Yesai wine»
Լաչինի միջանցքի ավելի քան 40 օր փակ մնալու պատճառով Արցախում ձեռնարկությունների մոտ 18 տոկոսը ստիպված դադարեցրել է աշխատանքը։ Քիչ թե շատ աշխատողներն էլ՝ բազմաթիվ խնդիրներ ունեն։ Այս ընթացքում փակվել է 3400 աշխատատեղ։ Առանց բացառությունների՝ Արցախում աշխատող բոլոր ձեռնարկությունները խնդիրներ ունեն, կանգնած են դժվարությունների առջև։
Աշխատել ու արտադրել՝ միայն Արցախում
2019թ Ստեփանակերտում հիմնադրված «Yesai wine» ընկերության սեփականատեր Տիգրան Աղաբաբյանը վստահեցնում է՝ ոչ մի դժվարության առջև կանգ չեն առնի, արտադրությունն էլ Հայաստան կամ որևէ այլ վայր չի տեղափոխի։ Պատճառները շատ են՝ նպաստել աշխատատեղերի պահպանմանը և ավելացմանը, աջակցել Արցախի պետբյուջեին՝ վճարելով հարկերը սատարել Արցախի գյուղատնտեսության և խաղողագործության զարգացանը։ Նպատակը՝ որպեսզի հայը մնա իր հողում ՝ հստակ գիտակցելով, որ Արցախը հայկական է, քանի դեռ այնտեղ հայեր են ապրում։ «Yesai wine»–ն արտադրում է խիտ, տտիպ հագեցած կարմիր ու չոր գինի՝ խնդողնի տեսակի խաղողից, Rkatsitel տեսակի խաղողի սպիտակ գինի՝ ծաղկային ու ցիտրուսային փնջով, ինչպես նաև նռան չոր գինի՝ բնական, չվերականգված։ Շուկայում այս պահին առկա են միայն կարմիր ու չոր գինիները։
2020 թվականի պատերազմը փոխեց հումքի մթերման վայրը
Մինչ 2020 թվականի սեպտեմբերի 27–ը խաղող մթերում էին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից։ Պատերազմից հետո փոխվեց հումքի մթերման աշխարհագրությունը։ Այժմ մթերում են Մարտակերտի ու Ասկերանի շրջանից։ Աշխատում են ոչ թե քանակի, այլ ՝ որակի վրա։ Արտադրում են Արցախում, իրացնում՝ Երևանում։
Արցախի հողը հատուկ ուժ ունի, այնտեղ աճող խաղողը, որը դառնում է գինի, նույն այդ ուժը մարդուն է փոխանցում
Այժմ՝ շրջափակման հետևանքով արդեն 40 օր է չեն կարողանում գինիները Երևան հասցնել։ Պահուստավորված որոշակի քանակություն ունեն։ Այժմ լուրջ խնդիր է տրանսպորտն ու փակ ճանապարհը։ «Բայց փակ ճանապարհը աշխատանքները դադարեցնելու պատճառ չպետք է դառնա»,– ասում է Տիգրան Աղաբաբյանը։
44–օրյա պատերազմից հետո փոխվել էր Արցախի տնտեսության կառուցվածքը
Ծախսերի մեծ մասն արդեն իսկ ուղղված էր ճգնաժամային խնդիրների լուծմանը: Հիմա շրջափակումն ու ստեղծված իրավիճակն ավելի լուրջ ֆինանսական, տնտեսական մարտահրավերների առաջ են կանգնեցրել: Այս տարվա պետբյուջեով Արցախում ակնկալվում էր 50 մլրդ դրամի եկամուտ ստանալ, բայց շրջափակման առաջին օրվանից ակնհայտ է, որ հնարավոր չէ ապահովել այս մակարդակը։