Կարո՞ղ է Հայաստանում ստեղծվել սեփական Moody’s, և ինչո՞ւ պիտի բիզնեսը լինի պատասխանատու․ զրույց CGI Russia նախաձեռնության խորհրդատու Օլգա Ուլյանովայի հետ
Օլգա Ուլյանովան ռուսական մամուլում 2020–2021 թվականների ամենաշատ մեջբերված ֆինանսական փորձագետն է։ Երկար տարիներ աշխատել է ռուսաստանյան մի շարք բանկերում, ապա` KPMG–ում, իսկ 2007–ից մինչ 2022–ի օգոստոսը եղել է Moody’s–ի առաջատար վերլուծաբանը։ Այն բանից հետո, երբ վարկանշային կազմակերպությունների «մեծ եռյակը» դուրս է եկել Ռուսաստանից, Օլգան որոշել է իրեն փորձել նոր նախաձեռնություններում։ «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ զրույցում Օլգան պատմում է, թե ինչպե՞ս են կազմվում վարկանիշները, ինչո՞ւ ոլորտի համաշխարհային հսկաներին զուգահեռ, կարող են աշխատել նաև տեղական վարկանիշային գործակալությունները, վերջում էլ ներկայացնում է Դավոսի հերթական ֆորումից հետո սկիզբ առած նոր միջազգային նախաձեռնությունը, որը առաջ է մղում պատասխանատու բիզնեսի գաղափարը և որտեղ Օլգան հիմա հանդես է գալիս որպես խորհրդատու։
-Վարկանիշների մասին Հայաստանում շատ են լսել, սակայն հաճախ չի խոսվում, թե ինչպե՞ս են կազմվում դրանք։
-Երբ 2008 թվականի ճգնաժամից հետո առաջ էր եկել միջազգային ռեյտինգային գործակալությունների նկատմամբ վստահության հարցը, նրանց սկսել են խիստ վերահսկել. ԱՄՆ–ում` Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC), իսկ ԵՄ–ում` Արժեթղթերի և ֆինանսական շուկաների Եվրոպական հանձնաժողովը (ESMA)։ Սակայն մինչ այդ, գրեթե մեկ դար, այդ ոլորտը մշակել էր ինքնակարգավորման սկզբունքներ` շահերի բախման դեմ։ Դրանցից մեկը «չինական պատերն» են (այսինքն` խիստ բաժանումը)` հաճախորդների ներգրավման և վերլուծական աշխատանքի միջև։ Վերլուծաբանի վարձատրությունը, բոնուսները ու, նախ և առաջ իր մասնագիտական հեղինակությունը, կախված են ոչ թե նրանից, թե որքան մեծ կամ հարուստ է հաճախորդ հիմնարկը կամ ինչ վարկանիշ այն կստանա, այլ` այդ վարկանշի ճշգրտությունից։ Եթե վարկանիշը լինի թույլ հիմնավորված, կտուժի վերլուծաբանի (ինչպես նաև` նրա ընկերության) հանդեպ վստահությունը։ Իսկ ո՞րն է վարկանիշային գործակալության գլխավոր ակտիվը․ մեծ հաշվով՝ մասնագետներն ու հեղինակությունը, ուրիշ ոչինչ։ Ի վերջո, ռեյտինգը դառնում է գործակալության կոլեկտիվ աշխատանք` ի դեմս թե՛ վերլուծաբանի, թե՛ ռեյտինգային կոմիտեի, որը կազմված է բարձրակարգ մասնագետներից։
«Չինական պատերից» բացի, կան անաչառության այլ երաշխիքներ։ Օրինակ, վերլուծաբանը հանդիպում է ընկերության ներկայացուցիչներին ոչ թե մենակ, այլ գործընկերներից առնվազն մեկի ուղեկցությամբ։ Երկու մասնագետ նախ կարող են իրար փոխլրացնել, երկրորդը` դրանով բացառվում է կաշառք ստանալու որևէ կասկած և հնարավորություն։
-Իսկ եղե՞լ է, որ Ձեզ էլ կաշառք առաջարկած լինեն։
-2008-ին եղել էր մի դեպք, երբ ինձ զանգահարել էին մի ընկերությունից ու սկսել էին խոսակցությունը շեղել դեպի այդ թեման, բայց ես միանգամից անջատել էի հեռախոսը։ Երկու օր անց նույն ընկերությունից սկսվել են զանգեր` սպառնալիքներով։ Ճգնաժամային 2008-ն ինձ փորձության էր ենթարկում աշխատանքային էթիկայի, իսկ հետո արդեն` համարձակության հարցերում. Չէ՞որ ես երեք երեխայի մայր եմ։ Կարծում եմ, նման իրողություններ, այս կամ այն կերպ. կարող են գոյություն ունենալ նաև այլ զարգացող երկրներում։ Ինձ` 90-ականներին մեծացածիս, համար նման սպառնալիքները չտեսնված կամ չլսված բան չէին։ Այնպես որ շոկ չէի ապրել, ուղղակի անջատել էի հեռախոսը և ապավինել Աստծուն։
-Արդյո՞ք իրատեսական են գնահատվում Ռուսաստան/ ԱՊՀ տարածաշրջանի ներկայիս քաղաքական ռիսկերը` սուվերեն և կորպորատիվ ռեյտինգներում։
-Ռեյտինգների մեթոդոլոգիան չի փոփոխվել, փոփոխվել է միայն սուվերեն (այսինքն` ազգային) բաղադրիչի գնահատականը։ Տարածաշրջանի որոշ երկրներ, միգուցե, անգամ շահել են իրավիճակից, և ռեյտինգային գործակալությունները դա արտացոլում են։ Օրինակ` Վրաստանում ու Հայաստանում եղել է ՀՆԱ–ի հավելաճ` ի հաշիվ տեղափոխված ռուսաստանցիների, որոնք ներմուծում են կապիտալ և ստեղծում ապրանքների և ծառայությունների հավելյալ պահանջարկ։ Ղազախստանը, Թուրքմենստանը կամ Ադրբեջանը կարող են փոխարինել ռուսական էներգակիրների մատակարարումը դեպի Եվրոպա։ Դրանից բացի, որոշ երկրներ մասամբ փոխարինել են Արևմուտքին` Ռուսաստանի արտաքին առևտրում։ Վարկանշային գործակալությունները հաստատապես նշում են այդ դրականը, ինչպես նաև բացասականը՝ կապված աշխարհաքաղաքական սրացումների հետ, որոնք տարածվել են ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի վրա։ Այսինքն, ակնհայտ են օբյեկտիվ մակրոտնտեսական գործոններ, որոնք ազդում են ռեյտինգների վրա։
Սակայն սրան զուգահեռ, ցավոք սրտի, առկա են նաև քաղաքական դրդումներ։ Մարտ ամսին բոլոր միջազգային վարկանիշային գործակալությունները դուրս էին եկել Ռուսաստանից՝ նվազեցնելով ռեյտինգները մինչև՝ դեֆոլտային (թե ՌԴ սուվերեն ռեյտինգը, թե՛ ռուսաստանյան ընկերությունների կորպորատիվ ռեյտինգները)։ Դեֆոլտային գնահատականը նշանակում է, որ կառավարությունն ու բիզնեսը չեն կարող մարել իրենց պարտավորությունները։ Սակայն առաջանում է հարց` չեն կարող, որովհետև չունեն միջո՞ց, թե՞ որովհետև զրկված են վճարելու հնարավորությունից։ Այստեղ, հատկապես գարնանը, մենք ականատես էինք մի զավեշտի, երբ ռուսաստանյան ընկերություններն ուղղակի ընկած էին արտասահմանյան ներդրողների հետևից, որ վճարեին նրանց։ Այսինքն` միջոցները կային, բայց վճարելու ձև ու հնար չկար (հատկապես` դոլարով ու եվրոյով)։ Դեռ քիչ է` ներդրողներն էլ (կամ նրանց հավատարմագրային կառավարիչները) կապի դուրս չէին գալիս ռուսական կողմի հետ։ Ցավոք, բայց, ըստ ամենայնի, միջազգային գործակալությունները, իրենց կամքից անկախ, ներքաշվեցին քաղաքականության մեջ։
-Ռուսաստանյան ո՞ր ընկերություններն են ամենաքիչը տուժում ներկայիս ռիսկերից։
-Այնպիսիք, որոնց արտադրության և վաճառքի շղթաները լիովին կենտրոնացված են Ռուսաստանում։ Բայց դրանք իրականում շատ չեն, քանի որ միջազգային իրացումներ կամ գնումներ այսօր ունի գրեթե ցանկացած բիզնես։ Էական հարցերից մեկը դարձել է նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը, որը դադարել է, կամ՝ բարդացել։ Ընկերություններից շատերը շրջանցիկ ուղիներ են որոնում, սակայն դրանք միշտ ենթադրում են լրացուցիչ բեռ, որը, ըստ ամենայնի, մնալու է պատժամիջոցների ողջ ընթացքում։
-Որքանո՞վ է հեռանկարային նման գործարքների համար կրիպտոարժույթը՝ միջոցների ծագման հսկողության բոլոր պահանջներով հանդերձ։
-Կարծում եմ՝ կրիպտոյին վաղ թե ուշ կփոխարինեն կենտրոնական բանկերի թվային արժույթները՝ այսինքն՝ սովորական արժույթների (fiat currencies) թվային կրկնօրինակները։ Դրանք ունեն իրենց առավելությունները՝ նախ և առաջ, դրանք կարելի է «ներկել», այսինքն՝ հետևել դրանց շարժին, այդ թվում՝ բյուջեի ծախսերում կամ անհատների խոշոր ծախսերում։
Եթե հիշում եք, մեկ տարի առաջ Ռուսաստանի ԿԲ-ն միանշանակ դեմ էր կրիպտոյին, բայց հիմա, որպեսզի ընդլայնի վճարումների հասանելի այլընտրանքները, ԿԲ-ն ու Ֆիննախը փոխզիջման են հասել և համաձայնվել են արտոնել կրիպտոյով գործարքները, որպես վճարամիջոց՝ մոտ ապագայի համար։ Իհարկե, պայմանով, որ կպահպանվեն հաճախորդների ստուգման բոլոր կանոնները (KYC) և փողերի լվացման դեմ հսկողությունը (FATF խմբի պահանջները)․ դրանք ոչ ոք չի չեղարկել։ Այստեղ պետք է արժանին մատուցել Ռուսաստանի ֆինանսական իշխանություններին, որոնք շարունակում են հետևել միջազգային ստանդարտներին՝ երկրի համար հնարավորություն թողնելով լիարժեքորեն վերադառնալ միջազգային հանրություն, երբ, այսպես ասած, փոշին կնստի։
-Խոշոր վարկանիշային գործակալությունում 15 տարի աշխատելուց հետո, Դուք, այնուամենայնիվ, լքել եք ոլորտը...
-Ես եղել եմ Moody’s-ի առաջատար բանկային վերլուծաբանը Ռուսաստանում, տարբեր տարիների շփվել եմ ՌԴ շուրջ 300 գործող բանկերից թոփ-100-ի ղեկավարության հետ։ Երբ մարտ ամսին իմ աշխատանքի այդ բաղադրիչը դուրս ընկավ, որոշեցի փոխել ուղղվածությունս։ Ի վերջո, 15 տարին նույն տեղում աշխատելը մի փոքր շատ է․ լճանում ես ու դադարում նոր բան սովորել։
Ուստի, որոշել եմ ինձ փորձել անկախ տնօրենի պաշտոնում՝ բանկերի կամ ընկերությունների տնօրենների խորհրդում։ Քանի որ օտարերկրյա տնօրենների մեծ մասը դուրս էր եկել Ռուսաստանից՝ Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուն պես, ես դեռ գարնանը սկսել էի բանկերից առաջարկներ ստանալ, որոնց մի մասն ինձ համար բավականին հետաքրքիր էին։ Բայց Moody’s-ի հետ «բաժանվելը» որոշակի ժամանակ էր պահանջվել, որի ընթացքում ես, շահերի բախման ռիսկի պատճառով, չէի կարող աշխատել տնօրենների խորհուրդներում։ Այդ պատճառով ես բաց էի թողել խորհուրդների ձևավորվման 2022-ի շրջափուլը։
Սակայն անցյալ տարվա օգոստոսին ինձ պաշտոն էին առաջարկել ուզբեկական «Ասակաբանկի» խորհրդում (այդ բանկը ակտիվներով երրորդն է երկրում)։ Ես պատրաստակամությամբ ընդունել եմ այդ առաջարկը։ Դեռևս 2008 թվականից, Ռուսաստանից բացի, աշխատում էի նաև Ուզբեկստանի բանկային համակարգի հետ, այնտեղ էլ այնքան տեղացի էի դարձել, որ ինձ արդեն ասում էին «Օլյա, ապա» (մեծ քույր Օլյա)։ Այդ երկրի տնտեսությունում կան լուծում պահանջող հետաքրքիր հարցեր, կան հեռանկարներ: Բավարար է նշել, որ այս երկիրը միակն էր հետխորհրդային տարածքում, որը համավարակի ընթացքում ցուցաբերել էր տնտեսական աճ։
Ոլորտին ծանոթ ձեր ընթերցողները գուցե ժպիտով կկարդան այն մասին, որ տարիներ առաջ, երբ դեռ նոր էի մասնագիտությունում, տնօրենների խորհուրդը պատկերացնում էի որպես «թոշակառուների ակումբ», որտեղ գալիս ես տարիքդ առած ու գործի տեղը քեզ «զոռ չես տալիս»։ Որքան եմ զարմացել (թեև՝ հաճելիորեն), երբ սեփական փորձով հասկացել եմ՝ որքան բարձր է մասնագիտական պրեսինգը և պահանջները` թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային որակների (այսպես կոչված soft skills), ինչպես նաև՝ ժամանակի կառավարման նկատմամբ։ Թեև տեսությունն ասում է, որ խորհուրդը չպետք է միջամտի ընկերության ամենօրյա գործառնական կառավարմանը, սակայն ամեն բան կախված է իրավիճակից․ լինում են դեպքեր, երբ պետք է «փորել» շատ խորը։
-Ի՞նչ տարբերություն կա ռեյտինգի ու ռենկինգի միջեւ։
-Ռեյտինգներում՝ ի տարբերություն ռենկինգների, բանկերը կամ ձեռնարկությունները ոչ թե զուտ դասակարգվում են ըստ շրջանառության, ակտիվների, շուկայի մասնաբաժնի կամ այլ պարամետրերի, այլ ներկայացնում են թողարկողի (այսինքն` կազմակերպության) վարկային որակի համապարփակ վերլուծություն, ընդ որում` ոչ միայն, և ոչ այնքան, տվյալ պահի, որքան` ապագայի որոշակի ժամանակային հորիզոնի համար։ Այստեղ անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծական աշխատանք` ընդհուպ մինչև ընկերության ղեկավարների հետ հանդիպումները։ Այստեղ կարելի է տեսնել` ի՞նչ մասնագիտական որակներ ունեն, արդյոք «կձգեն» իրենց ռազմավարությունը, ինչպիսի՞ հաշվետվողականություն կամ վարկային պորտֆել ունեն, ի՞նչ մակարդակի վրա է տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները և այլն։ Դրա համար ոչ ուշ, քան տարին մեկ անգամ, իսկ, երբեմն, նաև ավելի հաճախ, անց են կացվում ռեյտինգային հանդիպումներ` ընկերության թոփ–մենեջմենթի հետ։
-Ինչպիսի՞ հեռանկարներ այսօր ունեն տեղական վարկանիշային գործակալությունները` միջազգային «մեծ եռյակի» համեմատ։
-Վերջիններս Ռուսաստանում իրենց մասնաճյուղերը բացել էին գրեթե միաժամանակ, 2006-07 թվականներին, իսկ տեսական գործակալությունների զարգացմանը զարկ էր տրվել 2014–ից, երբ, պատժամիջոցների առաջին ալիքից հետո, ՌԴ ԿԲ–ն սկսել էր մտածել այս ոլորտում ևս ներմուծման փոխարինման մասին։ Այդ ժամանակ էլ ընդունվեց գործակալությունների հավատարմագրման կարգը, ինչպես նաև նրանց գնահատման մեթոդոլոգիաների հաստատման կարգը։
Տեղական գործակալությունները կարող են մրցունակ լինել շուկայի որոշակի հատվածներում։ Նախ, միջազգային գիգանտների համեմատ, նրանց վերլուծությունը ավելի էժան է, ուստիև` հասանելի միջին կամ փոքր ձեռնարկություններին։ Երկրորդ, տեղական մասնագետները լավագույնս գիտեն իրենց երկրում տնտեսվարման մանրուքները, շուկաների կարգավորման հարցերը, տրամադրությունները և այլն։
-Արդյո՞ք կան ռիսկեր, որ տեղական գործակալությունների վարկանիշները կդառնան իշխանությունների մանիպուլյացիայի առարկա։
-Ոչ, որովհետև այստեղ կան զսպումների և հակակշիռների նույն մեխանիզմները, ինչպես արտասահմանյան գործակալություններում․ թե՛ «չինական պատերը», թե՛ ռեյտինգային կոմիտեն՝ որպես որոշումներ կայացնող կոլեգիալ մարմին՝ տնօրենների խորհուրդ։ Ռեյտինգների անաչառության մեջ շահագրգռված է նաև կենտրոնական բանկը, քանի որ ինքն էլ է դրանցից օգտվում՝ բանկերին կարգավորելու, վարկանիշավորված արժեթղթերի գրավով վարկավորելու և այլ նպատակների համար։ Դրա համար, եթե այսօր բարձր ռեյտինգ ունեցող թողարկողը վաղը սնանկանա, դա հարցականի տակ կդնի հեղինակությունը ոչ միայն ռեյտինգը տված գործակալության, այլև` կենտրոնական բանկի, որն այդ գործակալությանը թույլատրել է շուկա մտնել։
Կարծում եմ, որ տեղական գործակալությունների համար հիմնական մարտահրավերը սուվերեն ռեյտինգի գնահատման մեթոդոլոգիայի մշակումն է․ որպես կանոն, դրանից է կախված (հատկապես ՝զարգացող երկրներում) կորպորատիվ ռեյտինգները։ Սուվերեն, ազգային ռեյտինգի մեթոդոլոգիան պետք է լինի համապարփակ և փորձարկված։ Սակայն անցել է դեռ շատ քիչ ժամանակ, որ տեղական գործակալությունների այդ մեթոդիկաները համարվեն փորձարկված։
Ժամանակի ընթացքում, միգուցե, Հայաստանում էլ կձևավորվի ազգային վարկանիշային գործակալություն։ Հայերի մեջ շատ տաղանդավոր ֆինանսիստներ կան։ Օրինակների համար հեռու չգնամ, բավարար է նշել իմ գործընկեր և ընկեր Աշոտ Օսիպյանին՝ միջազգայնորեն ճանաչված և հարգված բանկիրին, որին ես կատակով անվանում եմ «հայկական Գրեֆ»՝ նրա հակաճգնաժամային ղեկավարի անգերազանցելի որակների և անբասիր հեղինակության համար։ Կամ էլ՝ մեկ այլ ընկեր և նախկին գործընկեր Արմեն Դալլաքյանին, որը ժամանակին ինձ բերել էր Moody’s, հիմա էլ ղեկավարում է ESG պրակտիկաների բաժինը Ernst&Yoiung-ի Հոնկոնգի բաժանմունքում։
Հայաստանում տեղական ռեյտինգային գործակալությունը ոլորտի համար կստեղծեր նույն էֆեկտը, որի մասին նշեցի․ ամրապնդել մրցակցությունը և բարձրացնել վարկանիշավորման ծառայության հասանելիությունը։
-Արդյո՞ք առաջընթաց ունեն տեղական գործակալություններն այլ զարգացող երկրներում՝օրինակ, Չինաստանում կամ Հնդկաստանում։
-Մի քանի տարի առաջ Moody’s-ը Հնդկաստանում ձեռք է բերել տեղական գործակալություններից մեկը։ Հետևաբար, այստեղ այդ ոլորտի մակարդակն այնքան բարձր էր, որ ընկերություններից մեկը կարողացավ Moody’s-ի մաս կազմել։ Կան նաև մի շարք այլ տեղական գործակալությունները։ Չինաստանում իրավիճակը մի փոքր ավելի բարդ է․օրինակ 2022-ի սեպտեմբերին Moody’s-ը հայտարարել էր, որ փակում է այստեղ իր վերլուծական բաժինը և թողնում միայն վարկանիշները։ Սակայն Չինաստանն ու Հնդկաստանը հսկայական շուկաներ են, որոնք, այսպես թե այնպես, կգրավեն ռեյտինգային գործակալությունները։
-Ձեր այցեքարտի վրա ներկայացված եք որպես CGI Russia նախաձեռնության խորհրդատու...
-CGI–ը ոչ առևտրային կազմակերպությունների խումբ է, որը կազմավորվել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումից հետո՝ կլիմայական օրակարգը և պատասխանատու տնտեսվարումը առաջ մղելու համար, տնօրենների խորհուրդներում։
2022-ի փետրվարին, աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով, «CGI Ռուսաստան»–ի միջազգային հաղորդակցությունը սահմանափակվել էր։ Բայց, ինչպես ասում են, dust will settle, climate will stay (փոշին կնստի, կլիման կմնա), այսինքն` միշտ մնում են արժեքներ, որոնցով պետք է և ցանկանում է ղեկավարվել բիզնեսը՝ շրջակա միջավայրի պահպանության, աշխատողների և հանրության առջև սոցիալական պատասխանատվության, ինչպես նաև՝ կորպորատիվ կառավարման ոլորտում։ Այս հարցերը նոր չեն ինձ համար․ չէ՞ որ իմ աշխատանքը թե՛ KPMG-ում, թե՛ Moody’s-ում, մեծ հաշվով, պտտվում էր մեկ բանի շուրջ՝ բարձրացնել բիզնեսի պատասխանատվությունը։ Ուստի, երբ ինձ հրավիրել էին «CGI Ռուսաստան», ես մեծ նախանձախնդրությամբ համաձայնվել էի։ Մենք հանդիպում ենք տնօրենների հետ, հետազոտում, երբեմն անգամ ձևավորում ենք նրանց սոցիալական, բնապահպանական (low carbon), ինչպես նաև այլ արդիական օրակարգեր։ Մեզ օգնում են բարձրակարգ մասնագետներ՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ արտերկրից։ Մենք արդեն իրագործել ենք մի շարք նախագծեր Ռուսաստանում, իսկ 2023-ին, հավանաբար, դրանք կանցկացնենք նաև միջազգային ասպարեզում, ինչպես նաև կթողարկենք մի շարք հետազոտություններ. աշխատանքը սկսված է։
-Լա՞յն է այդ ստանդարտներով աշխատող ընկերությունների շրջանակը։ Որքանո՞վ է այդ օրակարգը նրանց համար հետաքրքիր։
-Ռուսաստանում բոլոր խոշոր ընկերությունները հաշվի են առնում ESG սկզբունքները․ անգամ չեմ կարող մտաբերել այնպիսիներին, որոնք ուշադրություն չդարձնեին դրան։ Դեռ մի քանի տարի առաջ «կանաչ» պարտատոմսեր էին թողարկել «Ռուսաստանի երկաթուղիները», Մոսկվայի կառավարությունը և մի շարք այլ թողարկողներ։ Հասկանալի պատճառներով, Ռուսաստանում այդ թեման հիմա չի դիտարկվում որպես առաջնային, բայց միևնույն է` ակտուալությունը չի կորցնում։ Ավելին, պատասխանատվությունը՝ աշխատակիցների, երկրի, միջազգային հանրության նկատմամբ, միավորում է գործարար հանրությանը։
Իսկ թե ինչո՞ւ է հետաքրքիր… Գիտեք, եթե հիշենք հայտնի Մասլոուի բուրգը (որտեղ դասակարգվում են մարդկային կարիքները), ապա հիմքում ընկած են հիմնարար պահանջները, իսկ վերևում՝ նյութապես գուցե պակաս նշանակալից, սակայն մարդկային անօտարելի արժեքները՝ պատկանելության (հասարակությանը, երկրին, միջազգային հանրությանը) և, ամենավերևում, ինքնադրսևորման պահանջը։
Այսօրվա հասարակությունը հասել է զարգացման այնպիսի աստիճանի, որ բազային կարիքների մեծ մասը փոքրիշատե լուծված է։ Բիզնեսի սեփականատերերը հասկանում են՝ անգամ ներկայիս անորոշությունների պայմաններում նրանց կարիքները բավարարված են։ Այստեղ սկսում ես մտածել, թե ինչ կթողնես քեզանից հետո։
Այդպես են մտածում իմ շատ գործընկերներ տնօրենների խորհուրդներում, քանի որ այստեղ են գալիս որոշակի ուղի անցած բիզնեսմեններ ու մասնագետներ։ Որքան էլ զարմանալի թվա, այդպես են մտածում նաև այսօրվա մեր երիտասարդները։ Թերևս, նրանք մեծացել են ավելի բարեկեցիկ միջավայրում և հիմա առաջ են բերում այն գաղափարը, որ միայն նյութականը չէ, որ երջանկություն է տալիս մարդուն։ Կա սոցիալական առաքելություն, կա շրջակա միջավայրի պաշտպանություն։ Եթե իմ սերնդակիցների համար այս արժեքները ձեռքբերովի են, ապա մեր երեխաների համար` բնածին։ Հիմա, հատկապես վերջին տարիների աշխարհաքաղաքական և մշակութային հսկայական տեղաշարժերի ֆոնին, երիտասարդներն առավել քան երբևէ միավորվել են այդ գաղափարների շուրջ։ Կանցնի քսան տարի, նրանք կգան մեզ փոխարինելու որպես ղեկավարներ, և նրանց մտքով անգամ չի անցնի, որ կարող է այլ կերպ լինել։
-Այդ գաղափարներն արձագանք ստացե՞լ են հայաստանյան բիզնես շրջանակներում։
-Հայաստանում պատրաստ եմ հանրահռչակել դրանք ցանկացած հարթակում։ Պատրաստ ենք համագործակցել Ուզբեկստանի, Ղազախստանի, Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի` բոլորի հետ, ովքեր պատրաստ են սեղմելու մեր մեկնած ձեռքը։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ այստեղ մենք կարևորություն ենք տալիս ոչ թե հայտարարություններին, այլ արդյունքներին։ Պետք չէ ասել «մեր բիզնեսը կանաչ է», պետք է այն դարձնել այդպիսին։
-Առաջի՞ն անգամ եք Հայաստանում։
-Իմ որդին գերազանց է ճանաչում Հայաստանը, վերջին տարիներին ճամփորդել է երկրով մեկ, իսկ ամուսինս ու ես եկել ենք առաջին անգամ։ Սեփական փորձից համոզվել ենք, թե որքան հավաստի էին այստեղ եղած մեր բոլոր ծանոթների արձագանքները` հյուրընկալության, հին մշակույթի, ժողովրդի բարձր կրթվածության մասին։ Տպավորված եմ հայերի աշխատասիրությամբ. ես գիտեի, որ այստեղ զարգացած է գյուղատնտեսությունը, բայց չէի կարող պատկերացնել, որ այդպիսի արդյունքների կարելի է հասնել մի տեղ, որտեղ շուրջբոլորը սարեր են, ժայռեր ու քարեր։ Եվ վերջապես, մենք բացահայտել ենք անզուգական հայկական հումորը։
Օպերային թատրոնում դիտել ենք «Գայանեն», իսկ երբ սկսվել է «Սուսերներով պարը», քիչ էր մնում պարի բռնվեինք, այդքան էր մեզ գերել կատարումը։ Ներկայացում ենք դիտել նաև Ստանիսլավսկու թատրոնում։ Բայց ամենատպավորիչն, իհարկե, վանքերն էին։ Ալեհեր Գեղարդը, ճգնավոր Խոր Վիրապը, վարդագույն Նորավանքը` այնտեղ ինձ համար բացվել է հոգեբանական վերափոխման հրաշքը, երբ գալիս ես հոգնած, քարշ տալով անհանգստության ու խնդիրների բեռը, իսկ դուրս ես գալիս լուսավոր մի հավատով, որ աշխարհն ու լույսը մնայուն են։
Նոր` 2023 թվականին, ես ցանկանում եմ միայն երկու բան` առողջություն և խաղաղություն։ Բոլոր մնացածը մենք կստեղծենք մեր ձեռքերով, իրար օգնելով, իսկ առողջությունն ու խաղաղությունը այն բաներն են, որոնք մենք Աստծուց կխնդրենք բոլորիս համար։
-Շնորհակալություն, հետաքրքիր զրույցի համար։