Այս տարի առաջին անգամ գրանցվել է ՏՏ ոլորտի աշխատանքների թվի նվազում․ ներկայացվել է ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վերլուծության զեկույցը

Այս տարի առաջին անգամ գրանցվել է ՏՏ ոլորտի աշխատանքների թվի նվազում․ ներկայացվել է ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վերլուծության զեկույցը
staff.am-ը, ներկայացրել է ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վերլուծության զեկույցը։ Զեկույցում ներկայացված են ոչ միայն 2022թ.-ի ակտիվության ցուցանիշները, այլ նաև դիտարկված է հիմնական ցուցանիշների համեմատությունը 2021թ.-ի տվյալների հետ։ Զեկույցում ներառվել է աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն, որը թույլ կտա ավելի ընդհանրական պատկեր ստանալ հայաստանյան աշխատաշուկայից։ Մակրոտնտեսական վերլուծությունը կատարվել է «Մոդեքս» ընկերության կողմից:

 

Ըստ զեկույցի 2022թ.-ի առաջին երեք եռամսյակներին ՀՀ աշխատաշուկան շարունակել է ակտիվորեն զարգանալ, և գրանցել է մոտ 40% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։  Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում ՏՏ ոլորտի գործատուները և ՏՏ մասնագիտությունները ակտիվության նվազում են գրանցել։ Սա պայմանավորված է ԱՄՆ-ում և Եվրոպայում ճգնաժամով, ինչպես նաև մասամբ ՀՀ դրամի արժևորմամբ, որը, հատկապես, արտահանող ընկերությունների համար բարդ իրավիճակ է ստեղծել։

Ամենապահանջված մասնագետները ծրագրավորման մասնագետներն են։ Ծրագրավորման աշխատանքները կազմում են բոլոր աշխատանքների մոտ 17%-ը։ Հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցնում են Վաճառքի և սպասարկման ու բանկային գործի հաստիքները։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է նախորդ տարվա փոփոխվել մասնագիտությունների պահանջարկը, հաջորդ գրաֆիկում համեմատել ենք 2022թ.-ի ամենապահանջված 20 մասնագիտությունները 2021թ.-ի հետ։

staff.am-ի կողմից այս տարի առաջին անգամ գրանցվել է ՏՏ ոլորտի աշխատանքների թվի նվազում. անկումը գրանցվել է ՏՏ ոլորտին պատկանող բոլոր մասնագիտությունների մասով։ Սակայն ի տարբերություն ՏՏ ոլորտի, զգալի աճ է գրանցել Ֆինանսաբանկային ոլորտն իր «Ֆինանսներ և բանկ» մասնագիտության կատեգորիայով։ Մասնավորապես նախորդ տարվա արդյունքներով բոլոր աշխատանքների 6.5%-ն էին կազմում նշված ոլորտի հաստիքները, իսկ 2022թ.-ին այս հաստիքը գրանցել է ռեկորդային 12.1%, որը համարյա կրկնապատիկ անգամ մեծ է։ Այս հանգամանքը հիմնականում պայմանավորված է այս տարի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներից ֆիզիկական և իրավաբանական անձանց մեծ հոսքով։ «Ֆինանսներ, բանկ և ապահովագրություն» ոլորտի համար այս զեկույցում ներառել ենք հատուկ ենթաբաժին, որտեղ կգտնեք նաև ոլորտի ամենաակտիվ գործատուների ցանկը։

Նախորդ տարվա համեմատ պահանջարկի աճ է գրանցել նաև Վաճառքի և սպասարկման, Տուրիզմի և հյուրընկալության, ադմինիստրատիվ և մի քանի այլ ոլորտներում։ 
Հարկ է նշել նաև Հաշվապահական ոլորտի մասնագետների սղությունը ամբողջ տարվա ընթացքում, որի աճը զգալի է եղել նախորդ տարվա համեմատությամբ։

Զեկույցում ներկայացվել են նաև ամենաակտիվ ոլորտներն ըստ գործատուների

Գրաֆիկում ներկայացված են գործատուների այն ոլորտները, որտեղ գրանցվել է ամենամեծ ակտիվությունը։ Հայտարարված բոլոր թափուր աշխատանքների մոտ 42%-ը բաժին է ընկնում ՏՏ ոլորտի ընկերություններին։ Ընդ որում՝ այս ոլորտի ընկերություններն ակտիվորեն համալրում են իրենց թիմերը ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներով (ծրագրավորում, որակի կառավարում, DevOps և այլն)՝ այլ նաև այլ ոլորտների մասնագետներով օրինակ՝ վաճառքի և հաճախորդների տեխնիկական սպասարկման մասնագետների, թվային մարքեթինգի և կոնտենտի ստեղծման մասնագետների։ Չնայած որ ՏՏ ոլորտն այս տարի գրանցել է անկում, միևնույնն է այն առաջատարի դիրքում է իր ակտիվությամբ։

2022թ.-ին ակտիվության աճ են գրանցել ՀՀ բանկերը և ունիվերսալ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև Հեռահաղորդակցության ոլորտը, Օնլայն ծառայությունների ոլորտը (Onex, Globbing և այլն), Խորհրդատվական ընկերությունները։ Այս ամենը հիմնականում պայմանավորված է ԱՊՀ երկրներից ՀՀ տեղափոխված մարդկանց հոսքով։

Զեկույցն ամբողջությամբ՝ staff.am