Համալսարանի վերաբերյալ ճիշտ ու ամբողջական տեղեկատվությունը վաղվա ուսանողին հասցնելը կարեւոր է

Համալսարանի վերաբերյալ ճիշտ ու ամբողջական տեղեկատվությունը վաղվա ուսանողին  հասցնելը կարեւոր է

Գյուղատնտեսական կրթության ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների շուրջ ejc.am- ն զրուցել է Հայաստանի ագրարային համալսարանի հեռակա ուսուցման դեպարտամենտի պետ Հարություն Հարությունյանի հետ:

 -Վերջին տարիներին Ագրարային համալսարան ընդունվողների թիվը գնալով նվազել է։  Անցնող տարում, եթե չեմ սխալվում, կոնկրետ առկա համակարգի բակալավրիատում 40-ն է։ Մինչդեռ ժամանակին այս հաստատությունում սովորելու ցանկություն էին դրսեւորում տարեկան հազարավորները։ Ո՞րն է խնդիրը։

 -Այս տարի Ագրարային համալսարան է ընդունվել ընդհանուր առմամբ 380 դիմորդ, որից 340-ը` հեռակա ուսուցման, եւս 40–ը`ստացիոնար։ Բացի այդ, հաշվի առնելով բանակից վերադարձած եւ վերականգնված ուսանողների, ինչպես նաեւ համալսարանի գյուղատնտեսական քոլեջ ընդունվածների թիվը, ընդհանուր առմամբ, Ագրարային համալսարանի այս տարվա համալրման թիվը կազմում է 940։ Այսուհանդերձ, Ձեր դիտարկումը ճիշտ է, այս թիվը վաղ անցյալի համեմատությամբ ոգեւորող չէ: Բայց նվազումը պայմանավորված է բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով: Դպրոցների կրթական մակարդակը, բուհերում ընդունելության կարգը, որ հիմա կենտրոնացված սկզբունքով է, ուսանողների ու ծնողների կողմնորոշումների փոփոխությունը դեպի ավելի պահանջարկված, «նորաձեւ» ու բարձր վարձատրվող  մասնագիտություններն այնքան էլ նպաստավոր միջավայր չեն ստեղծում այստեղ սովորել ցանկանալու համար։ Հիմա անասնաբույժի աշխատավարձը ամսական շուրջ 60 հազար դրամ է խոսքը համայնքային անասնաբույժների մասին է։ Մարդը հինգ տարի սովորում է, տարեկան 400 հազար դրամ ուսման վարձ վճարելով ու դրա դիմաց նրան առաջարկվում է ամիսը 60 հազար դրամ աշխատավարձով  աշխատանք:

-Կա հարցի մյուս կողմը եւս. բուսաբուծության ոլորտում, հատկապես ծածկած գրունտում, երկրով մեկ մասնագետ են փնտրում ամիսը 450-500 հազար դրամ վճարելու պատրաստակամությամբ ու որակյալ, պրոֆեսիոնալ մասնագետ չկա, չեն գտնում:

-Դա էլ կա, համաձայն եմ։ Բայց ընդունենք, որ այդտեղ պահանջարկն այնքան էլ մեծ չէ, ինչպես հաճախ ներկայացվում է։ Մարդիկ հիմա այս ոլորտում ձգտում են հեռակա ուսուցման։ Երկրորդ, երրորդ կուրսերի ուսանողներ ունենք, որ հասուն մարդիկ են ու աշխատում են  Սպայկա ընկերությունում։ Եկել են նպատակաուղղված, որ այստեղ սովորեն ու շարունակեն  այնտեղ աշխատել։

-Սպայկան ու էլի որոշ այլ ընկերություններ բարձրաձայնում են, որ իրենց մասնագետներ են պետք: Սակայն քիչ չեն նաեւ այնպիսիք, որոնք հրապարակավ չեն հայտարարում, բայց երիտասարդ, հեռանկարային մասնագետների փնտրտուքի մեջ են։

-Այդպես է: Դրանից ելնելով էլ համալսարանն այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ,  ուսումնական պլանների լուրջ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցում ներառվում են առարկաներ, որոնք պահանջարկված են գործատուների շրջանում։ Մասնագիտական շրջանակներում, նաեւ գործատուների հետ քննարկում ենք կրթության որակին ու գործատուների պահանջներին վերաբերող բոլոր հարցերը:  Գործատուների հետ անմիջական ու մշտական կապի մեջ ենք։

-Ագրարայինի շատ դասախոսներ այն կարծիքին են, որ ոչ վաղ անցյալում, առանց քննությունների համալսարան ընդունվող դիմորդների մեջ բազմաթիվ ընտիր, լավ սովորող ուսանողներ կային, որոնք իրենց հիանալի էին դրսեւորում ու այսօր էլ լավ մասնագետներ են։ Հիմա ընդունելությունը կենտրոնացված քննություններով է ու գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ դրսեւորվում է նույն մոտեցումը, ինչ իրավաբանության, տնտեսագիտության եւ մյուսների: Մինչդեռ դրանք բոլորովին տարբեր ոլորտներ են ու տարբերակված մոտեցումներ են պահանջում: Սա ավելի արտադրական ոլորտ է, հետեւաբար դասընթացները հարկավոր է հարմարեցնել արտադրության կարիքներին, կազմակերպել  փորձարարական դաշտում, ֆերմայում, ջերմատանը, գինու գործարանում։

- Նման մոտեցում քննարկվել է: Քանի որ 2020 թ.-ին, համավարակով պայմանավորված, ուսուցումն իրականացվեց հեռավար տարբերակով, դրա բավականին լավ փորձ ձեռք բերեցինք։ Նախարարության հետ քննարկել ենք օրենքի նոր նախագիծը, որը ենթադրում է նաեւ հեռավար ուսուցում։ Նման ուսուցման կազմակերպման համար արտոնագիր է պետք։  Մենք առայժմ հեռավար ուսուցման արտոնագիր չունենք։ Բայց դրա փորձն ունենք եւ գիտական խորհրդում էլ այդ հարցը քննարկել ենք։ Հեռակա ուսուցման ուսանողները երեք շաբաթով գալիս են դասի, որից երկու շաբաթ տեւող տեսական  ուսուցումը կազմակերպվում է համալսարանում, երրորդը՝ համալսարանի փորձարարական տնտեսություններում: Լաբորատոր գործնական պարապմունքները եւս տնտեսություններում ենք անցկացնում: Համալսարանի ղեկավարության հետ քննարկումների միջոցով եկել ենք հետեւության, որ հեռավար կրթությունն այնպես կազմակերպվի, որ տեսական առարկաներն անցկացվեն  շատ ամփոփ,  մի քանի օրում, մնացածը՝ լաբորատոր գործընթացների հետ կապված մասը, պարտադիր անցկացվի կամ արտադրությունում, կամ համալսարանի ուսումնափորձնական տնտեսություններում։

-Զարգացումներն  անկանխատեսելի արագությամբ են ընթանում։ Մինչեւ Ձեր ներկայացրածը շրջանառվի, քննարկվի, քվերակվի՝ կարող է, ինչպես ասում են, «բանը բանից անցնել» եւ այդ ամենի պետքը չլինի էլ։ Չե՞ք ուշացնում։

-Գործընթացն արդե´ն սկսվել է: Ես առաջարկել եմ եւ ակնկալում ենք, որ առաջիկայում մի քանի մասնագիտությունների, մասնավորապես կաթի արտադրության, մսի վերամշակման, ագրոնոմիական մասնագիտությունների գծով ուսուցումներն անցկացնեն արտադրությունում կամ լաբորատորիայում։

-Առաջադեմ աշխարհում բուհ են ընդունվում առանց քննության:  Ագրարայինում էլ տարիներ առաջ դրան գնացին ու բավականին արագ «ետողորմյա արեցին»: 

-Վաղ թե ուշ նորից գնալու ենք դրան, եւ ոչ միայն մեր համալսարանը․․․ 12-րդ դասարանն ավարտողները ամռանն էլ, հունվարին էլ կարող են հանձնել ընդունելության քննություններ՝ տարին երկու անգամ։ Եւ դրա հիման վրա կարող են դիմել համալսարաններ, բայց միեւնույնն է, այստեղ մեր կառավարությունն անելիք ունի։ Գյուղատնտեսությունը տնտեսության, երկրի համար ռազմավարական, առաջնային ոլորտ է: Հետեւաբար պետությունը այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնի: Տարածքային կառավարման նախարարության  հանձնարարականով  մարզպետարանների միջոցով համայնքներից պետք է ճշտել, թե ինչ մասնագետների կարիք ունեն։ Համայնքները պետք է ուսումնասիրեն ու հստակ, նպատակային տեղերով հայտեր ներկայացնեն կառավարությանը, թեկուզ վճարովի հիմունքներով: Եվ եթե կան մարդիկ, որոնք ցանկանում են սովորել, համայնքը նրանց նպատակային կերպով գործուղի համալսարան՝ հետները պայմանագիր կնքելով։ Համալսարանն էլ առանց ընդունելության քննության նրանց ծառայություններ մատուցի, պատրաստի որպես մասնագետի եւ «վերադարձնի» համայնքին։ Բայց համայնքը երկրորդ պայմանագիրն էլ պետք է կնքի գործուղվողի  հետ, համաձայն որի վերջինը ավատելուց հետո պարտավորվի նվազագույնը երեքից հինգ տարի աշխատել տվյալ համայնքում։

-Իսկ եթե համալսարանը ոչ թե սպասի տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ ինքը նախաձեռնություն դրսեւորի, ուսումնասիրի, թե որ ոլորտներում մասնագիտությունների հետ կապված ինչ խնդիրներ կան ու առաջարկությամբ հանդես գա կառավարության առաջ։ 

-Ոչ վաղ անցյալում մարզպետարանների մակարդակով հանդիպումներ, քննարկումներ ենք ունեցել դպրոցների եւ քոլեջների տնօրենների հետ։ Ցավոք, արդյունքները բավարար չէին այն առումով, որ համավարակի եւ պատերազմի հետեւանով շարունակություն չունեցավ։ Սակայն համալսարանում ծրագրում ենք շարունակել հանդիպումների, կարիքների վերհանման գործընթացը։ Այս առումով, ի դեպ, լավ լուր ունենք մեր համալսարանի ղեկավարության ջանքերով ԿԳՄՍ նախարարությունը բոլորովին վերջերս խելամիտ որոշում է կայացրել մարզային դպրոցներում ագրոտեխնոլոգիական դասարաններ բացելու վերաբերյալ։ Սա շատ կարեւոր քայլ է առհասարակ ուսանողական համակազմի համալրման խնդրի լուծման ուղղությամբ։

- Վերադառնալով մեր զրույցի սկզբին դուրս է գալիս, որ մասնագետի պահանջ կա, պատվիրատուն պատրաստ է բարձր վճարել, համալսարանում այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվում, այդուհանդերձ երիտասարդությունը չի արձագանքում աշխատաշուկայի պահանջին ու անգամ բարձր վճարվելու հեռանկարին։ Ուրեմն, ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է։

-Կարեւոր խնդիր է Ագրարային համալսարանի վերաբերյալ ճիշտ ու ամբողջական տեղեկատվությունը հասարակությանը, մասնավորապես վաղվա ուսանողությանը հասցնելը։ Բայց իրավիճակն ուսումնասիրելու, մշտադիտարկում իրականացնելու, վերլուծություններ անելու ու կառավարությանն առաջարկներ ներկայացնելու մեր սեփական հնարավորությունները սահմանափակ են։ Դա նախ կառավարության գործառույթների շրջանակում է, մյուս կողմից էլ  դրա համար լուրջ ռեսուրսներ են պետք: Դա պետք է արվի տարածքային կառավարման նախարարության, մարզպետարանների, խոշորացված համայնքների ղեկավարների գործուն աջակցությամբ, որոնք իրազեկ են, թե ինչ ունեն եւ ինչի պետքն ունեն։ Համայնքներից մեկում մասնավոր ընկերություն կա, որ այսօր 50-60 հա-անոց ջերմատուն է հիմնել, հասկանալի է, որ համայնքապետը  շփման մեջ է այդ կառույցի ղեկավարի հետ, գիտե, թե ինչ մասնագետի կարիք ունեն։ Համայնքապետերը պետք է շահագրգռված լինեն լավ մասնագետներ ունենալու հարցում։

-Ավելի քան 15 տարի է, որ Հայաստանի ոռոգման համակարգը գործում է ՋՕԸ-երի համակարգմամբ։ Նույն տրամաբանությամբ այս ընկերությունների ղեկավարները պետք է շահագրգռված լինեն, որ Ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության  ֆակուլտետի ուսանողները համալրեին իրենց շարքերը, քանզի նրանք են  համակարգի եւ ընդհանրապես, երկրի ջրոլորտի մասնագետները։ Մինչդեռ այսօր ամբողջ երկրում գործող ՋՕԸ-երում հիդրոմելիորացիայի 10-15 պրոֆեսիոնալ մասնագետ դժվար թե լինի։  Տրամաբանորեն այդպես չպետք է լիներ, բայց  այդպես է։ Թերեւս նույն մոտեցումներն են համայնքներում, այդ թվում եւ՝ խոշորացված։

-Նման խնդրի բախվել ենք։ Հողաբարելավման, ջրային պաշարների մասնագիտությամբ ուսանողների դիպլոմայինի պաշտպանության ժամանակ հանձնաժողովի անդամները   հիացած էին քննություն հանձնող ուսանողների իմացությամբ: Հանձնաժողովի «դրսի» անդամները, որոնք ջրային տնտեսությունից էին,  մեր այս ուսանողներին առաջարկում էին աշխատել իրենց համակարգում, 150-170 հազար դրամ աշխատավարձով։ Մինչդեռ այդ ուսանողները, որ արդեն պրոֆեսիոնալ մասնագետներ են, աշխատում են մասնավոր հաստատություններում շատ բարձր՝ 600-700 հազար դրամ աշխատավարձով։ Հեռակա ուսանողների մի զգալի մասը արտադրությունից է ու կայացած մասնագետ: Եկել են մեզ մոտ տեսական գիտելիքները խորացնելու։ Վերջին երկու-երեք տարիների մեր, հատկապես  հեռակայի ուսանողներից երեւի յուրաքանչյուր երրորդն իր ոլորտում կայացած մարդ է եւ մասնագիտական գիտելիքներն է խորացնում՝ հետագայում կարիերա անելու կամ էլ ավելի բարձր վարձատրությամբ աշխատանքի անցնելու համար։

-Ստացվում է, որ Ագրարայինում նախապատվությունը տալիս են հեռակա ուսուցմանը։

-Համենայնդեպս մեզանում հեռակա կրթաձեւը դառնում է գերիշխող։

-Այդ դեպքում համալսարանն իր որդեգրած քաղաքականությունը փոխելու կարիք չունի՞, չպե՞տք է ավելի ճկուն մեխանիզմներ մշակել՝ կենտրոնանալով հեռակա ուսուցման վրա, դասաժամերը կամ ծրագրերը համապատասխանեցնելով այդ տարբերակին։ Հիմա շատերը թմբկահարում են, որ այստեղ ընդամենը 40 դիմորդ է ընդունվել, կհետեւի որ այս համալսարանի, գյուղատնտեսական այս մասնագիտությունների անհրաժեշտությունը չկա։

-Դուք ճիշտ եք՝ այդ թիվը թմբկահարվում է, մասնավորապես, որոշ, մեղմ ասած, անբարեխիղճ լրատվամիջոցների կողմից։ Սակայն, նախ, ինչպես վերեւում արդեն նշել եմ, հեռակա համակարգ եւ քոլեջ ընդունվածներով, բանակից եկածներով եւ վերականգնվածներով հանդերձ՝ համալսարանի համալրման այս տարվա ընդհանուր թիվը կազմում է 940 ուսանող։ Իսկ գյուղատնտեսական մասնագիտությունների, հետեւաբար եւ համալսարանի կարիքը միշտ եղել է, կա եւ կլինի։ Մյուս բուհերի միավորման պարագայում ես չգիտեմ, թե կառավարությունը ինչ հաշվարկներով է առաջնորդվում, բայց Ագրարային համալսարանը պետք է մնա եւ ընդ որում այստեղ հեռավար կրթություն պարտադիր պետք է լինի՝ հասկանալիորեն համատեղելով գործնական փորձի ձեռք բերման հետ։ Միայն հեռավար չի կարող լինել։ Ուսանողը չի կարող առցանց պարապմունքների միջոցով դիպլոմ ստանալ։ Ըստ իս, ավելի շատ պետք է լինի հեռակա ու հեռավար ուսուցումների համատեղում։ Աշխարհում մարդը դառնում է 22-23 տարեկան, հասկանում է թե ինքը ինչ է ուզում եւ ըստ այդմ էլ կողմնորոշվում մասնագիտություն ընտրելու հարցում։ Մեզանում էլ կարծես թե աստիճանաբար դրան ենք գալիս։ Բայց 22-23 տարեկանն  այլեւս չի գնա ստացիոնար ուսուցմամբ սովորելու։ Նա նախընտրելու է հեռակա ու հառավար ուսուցումը, որը համատեղելու է աշխատանքի հետ։ Միտումը դա է։

-Այդ դեպքում համալսարանը պետք է զարգացումներից առաջ ընկնի եւ ոչ թե գնա զարգացումների ետեւից: Պետք է մշակի ու առաջարկի իր վաղվա օրվա իրականացնելիք քաղաքականությունն այն պարզ պատճառով, որ նախարարություններում գյուղատնտեսության առնաձնահատկություններին ծանոթ չեն, դրանցից գաղափար իսկ չունեն, հետեւաբար եւ չեն կարող դրա նրբությունները հաշվարկելով ծրագրեր մշակել։ Եվ ձեր թվարկած նրբություներին բոլորովին անտեղյակ, գրչի մի հարվածքով կարող են բուհը միավորել մեկ այլ, սրա հետ որեւէ աղերս չունեցողի հետ ու հարցերը լուծված համարել։

-Ես դա չեմ կարող ասել, դա ղեկավարության որոշելիքն ու ասելիքն է։

Բայց ինչ ու ինչպես անելու գաղափարը ներքեւից պետք է գա։ Թերեւս դեկանները, ամբիոնի վարիչները, երկարամյա փորձառություն ունեցող դասախոսները պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն, որից հետո ներսում քննարկումներ կազմակերպեն ու հստակեցնեն, թե իրենք ինչպես են պատկերացնում իրենց բուհի ու ընդհանրապես այս ոլորտի ապագան: Թե կառավարությունն ինչ աջակցություն պետք է ցուցաբերի այս ոլորտին ու կրթական համակարգին: Մյուս կողմից էլ, եթե «հետքայլ» արվի եւ ընդունելությունը կազմակերպվի առանց քննությունների․․․

-Դրա հետ կարելի է համաձայնել մասնակիորեն։ Թող համայնքներից գործուղվեն, դարձյալ առանց քննությունների, բայց գան այն մարդիկ, որոնց կարիքը համայնքներն ունեն։ Թող համայքները ուղեգրերով ուղարկեն՝ ելնելով կոնկրետ կարիքներից։ Ընդ որում, մի մասնագետի կարիք ունեն, թող գործուղեն երկուսին, երեքին, որովհետեւ կարող է տվյալ մարդը գալ ու չկարողանալ այդ կրթությունը ստանալ կամ ներուժը չբավականացնի, այդ դեպքում գոնե երեքից մեկը որպես մասնագետ կվերադառնա համայնք։

-Բայց համայնքն ի վիճակի կլինի՞ երեքի համար վճարել։

-Բոլորովին կողմ չեմ, որ համայնքը վճարի։ Հեռակա ուսուցումը լրիվ վճարովի համակարգ է։ Եթե ատեստատի գնահատականները բավարարում են, ապա վճարունակ մարդիկ գալիս են հեռակա ուսուցմամբ սովորելու։ Համայնքներում շատերը կլինեն, որ ցանկություն կունենան գալու։ Եվ առանց քննության ընդունվելը իրենց համար խթան կհանդիսանա։

-Կա՞ վիճակագրություն, թե գյուղատնտեսական արտադրության ընկերություններից քանիսն են իրենց աշխատակիցներին գործուղել սովորելու։ Եվ կա՞ն ընկերություններ, որ վճարում են  իրենց ուսանողի վարձը։

-4-րդ կուրսում բոլոր մասնագիտությունների գծով 365 ուսանողներից 45-ը փաստացի աշխատում են իրենց մասնագիտությամբ։ Ենթադրենք մասնագիտությամբ կաթի տեխնոլոգ է, գործարանում աշխատում է տեխնոլոգ։ 59 ուսանող աշխատում են հարակից մասնագիտությամբ, մինչեւ դիպլոմը ստանան ու տեղափոխվեն։ Այսինքն` աշխատում են կաթի գործարանում, բայց ոչ տեխնոլոգ։ Դիպլոմը ստանալուց հետո աշխատելու են որպես տեխնոլոգ։ Փաստորեն հեռակայի ուսանողների ավելի քան 30 %-ը արդեն աշխատում է մասնագիտությամբ։ 5-րդ կուրսում 59-ը փաստացի աշխատում է իր մասնագիտությամբ, 24-ը` հարակից մասնագիտություններով: 6-րդ ավարտական կուրսի 326 ուսանողներից, որ ընդունվել են մինչեւ 2018 թ.-ի փոփոխությունները՝ առանց քննության, մասնագիտությամբ աշխատում է ընդամենը 21-ը: 

-Իսկ եթե համալսարանը առաջարկությամբ հանդես գա, որ ամեն համայնք ունենա իր մասնագետը, կլինի գյուղատնտես, անասնաբույժ թե ագրոէկոլոգ։

-Համայնքները խոշորացվել են։ Առաջվա ավելի քան 900-ը  վերակազմավորվել են  120-130-ի:   Մի խոշորացված համայնքի համար պետությունը առնվազն 1-2 գյուղատնտես պետք է պահի, նույնը վերաբերում է այլ մասնագետների։

-Արդեն «պահում է»: Բնապահպանության, շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության գծով բաժիններ ու վարչություններ կան խոշորացված համայքներում։ Գյուղատնտեսության վարչություններ կան նաեւ մարզպետարաններում, մի քանի հաստիքով։ Բայց սրանք բոլորը բավականին բարձր աշխատավարձ ստացող չինովնիկներ են եւ ոչ պրակտիկ մասնագետներ, որ կարողանան օգնել, խորհուրդ տալ գյուղացուն։ Սկզբունքորեն սրանց պարտականությունների մեջ խորհրդատվությունը չի էլ մտնում: Նայեք որեւէ համայնքի կամ մարզպետարանի գյուղատնտեսության հետ կապված աշխատակիցների մասնագիտությունները, հիմնականում ոչ մասնագետներ են։

-Ես կողմ եմ, որ լինեն պրակտիկ մասնագետներ։ Մանկավարժներին հիմա տանում են վերապատրաստման դասընթացների։ Նույն կերպ համալսարանի կողմից գյուղատնտես մասնագետների ատեսատացիաներ պետք է կազմակերպել՝ խոշորացված համայնքների առաջադրմամբ։ Գործող մասնագետը չի՞ կարողանում, չի՞ տիրապետում՝ թող փոխեն։ Ես ոչ վաղ անցյալում առաջարկում էի օգտագործել Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի հնարավորությունները։ Կենտրոնն ունի լաբորատորիաներ, որոնք կարելի է մեծ արդյունավետությամբ օգտագործել։ Մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք՝ կապված հողերի դեգրադացման հետ։ Առաջարկում էի համայնքների, համայնքապետերի հետ պայմանագրեր կնքել, համայնքը տարեկան վճարեր խորհրդանշական, ասենք՝ 70-80 հազար դրամ, դրա դիմաց ցանկացած ժամանակ, առցանց տարբերակով, հեռավար, համայնքի ներկայացուցիչը կկապվեր մեր խորհրդատվական բաժնի մասնագետների հետ, կտեղեկացներ իրեն հուզող խնդիրների մասին, մեր մասնագետներն էլ մեր միջոցներով հողի փորձանմուշ կվերցնեին, լաբորատորիայում անալիզ կանեին եւ այդպես շարունակ։ Ցավոք, հարցին ընթացք չտրվեց։

-Փաստորեն ոչ միայն գյուղատնտեսության, այլեւ ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր առաջարկին անգամ ականջալուր չեն եղել։ Այնպես չէ, որ քննարկել են, մոտեցումների տարբերություն է եղել, կամ ասենք իրականացվող ոլորտային քաղաքականությանը չի համապատասխանել։ Պարզապես  ստացվում է, որ երկրի անվտանգության խնդիրը չի հետաքրքրել, ցավոք նաեւ՝ հետաքրքրում։

-Չնչին գումար լինելով հանդերձ՝ դա համալսարանին հսկայական միջոցներ կբերեր։

-Փաստորեն միջացառում էր, որից շահում էին բոլոր կողմերը։

-Դրա համար մենք մեր լավագույն շրջանավարտներից նրանց, որոնք գործնական փորձառություն ունեն, կընդգրկեինք այդ փորձագիտական խմբերի մեջ։

-Ինչ քայլեր պետք է արվեն, որ ուսանողության թիվը մեծանա այստեղ։ Սկսեն ավելի շատ ընդունվել Ագրարային համալսարան։ 5-րդ տարին է, որ ՀՆԱ-ում գյուղատնտեսությունը անկում է գրանցում։ Դա նաեւ համալսարանի վիճակից է գալիս։ Նախկինում իրականացված քաղաքականության հետեւանքով է այդպես ստացվել ու խորանալու միտումներ ունի։

-Իմ կարծիքը հետեւյալն է. Ագրարային համալսարանը պետք է ունենա տարեկան  300-350 նոր ընդունվող ուսանող։ Դա լիարժեք բավարար է երկրում մասնագետների պահանջը բավարարելու համար։ Բոլորովին էլ պետք չէ եւ ըստ իս, ճիշտ չէ թվաքանակի հետեւից ընկնելը։ Տարեկան 1000 հոգին այս փոքր երկրի համար շատ է։ Հայաստանին գյուղոլորտի այդքան մասնագետ պետք չէ։ Սա մեկ։ Երկրորդ մեր համալսարանը այստեղ, այս շենքի ներսում պատրաստել է ընտիր մասնագետներ, որոնք հիմա աշխատում են դրսում։ Դրա համար մեխանիզմներ պետք է կիրառվեն, համայնքներից գործուղվածները ավարտելուց հետո առնվազն 5 տարի պետք է աշխատեն իրենց համայնքներում։

-Համայնքն էլ իր հերթին պետք է պարտավորվի պատշաճ աշխատավարձ ապահովել մասնագետի համար, որ վերջինս ուղիներ չփնտրի հնարավորինս շուտ հեռանալու համար։

-Իհարկե։ Լավ մասնագետին ո՞ր համայնքը չի պահի։

-Շնորհակալություն, զրույցի համար: