Համայնքների խոշորացման դրական և բացասական հետևանքները. ներկայացվեցին հետազոտության արդյունքները
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Կոմպաս հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է Հայաստանի հյուսիսային մարզերի Ամասիա և Թումանյան համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսատնտեսական վերլուծություն ու գնահատում։ Ծրագրի տեղեկատվական գործընկերը «Տնտեսական լրագրողների ակումբն» էր։
Հաշվի առնելով այս գործընթացի ազդեցությունը երկրի տարածքային, տնտեսական և ժողովրդագրական զարգացումների վրա՝ Վանաձորի մարզպետարանում կազմակերպվել էր կլոր սեղան՝ քննարկելու հետազոտության արդյունքում բացահայտված դրական և բացասական կողմերը։ Միջոցառմանը մասնակցել են նաև երկու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների, փորձագիտական հասարակական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին` Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպում- քննարկման կազմակերպումը և Թումանյան ու Ամասիա խոշորացված համայնքների խոշորացման գործընթացի սոցիալ-ժողովրդագրական և ֆինանսատնտեսական վերլուծությունը՝ որպես հնարավորություն առկա խնդիրների բացահայտման և լուծման:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը նշել է, որ ուսումնասիրությունը վերաբերում է վարչական մի շատ խոշոր ռեֆորմի և վեր է հանված սոցիալ- տնտեսական այն խնդիրները, որոնք կապված են համայնքների խոշորացման գործընթացի հետ։
«Այսօր կներկայացվի թե ռեֆորմը ինչ արդյունքներ է տվել և պիտի տա Հայաստանին։ Մենք ցանկանում ենք այս ուսումնասիրությամբ օգնել որոշում կայացնողներին՝ տեսնելու թե դեռևս ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ», - ասել է Շտեֆան Մալերիուսը։
Ըստ «Կոմպաս» հետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի թիմի ղեկավար Ղարիբ Հարությունյանի՝ վարչատարածքային ցանկացած փոփոխություն, որն առնչվում է համայնքային կյանքի հետ, կարևոր է կյանքի կոչել առանց շեղումների, քանի որ բոլոր գործընթացները փոխադարձ կապված են միմյանց հետ, և մեկ ցուցանիշի շեղումը կարող է բերել ընդհանուր արդյունքի խափանման։ Ներկայացվել է իրականացված դաշտային և հետազոտական աշխատանքները, բացահայտվել են ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ժողովրդագրական խնդիրներ։

Դրական արդյունքներից արձանագրվել է միջազգային ու տեղական կառույցների կողմից խոշորացման գործընթացի արդյունքում իրականացված մի շարք ծրագրերի էական նշանակությունը համայնքների զարգացման գործում։ Մասնավորապես, կարևորվել է գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների բարելավման աջակցության միջոցառումները, ինչի արդյունքում խոշորացված համայնքները հնարավորություն են ստացել բարձրացնել համայնքային սոցիալ-տնտեսական ծրագրերի արդյունավետությունը։ Համայնքների խոշորացումից հետո համեմատաբար բարելավվել է ներհամայնքային կամ միջբնակավայրային ճանապարհների վիճակը, աղբահանության ու լուսավորության ծառայությունների որակը և այլն։
Հետազոտության հեղինակները բացահայտել են նաև խնդիրներ, որոնց մի մասը, թեև ուղղակիորեն կապ չունեն համայնքների խոշորացման հետ, սակայն ռեֆորմը դրանց լուծման ուղղությամբ դեռևս դրական զարգացում դեռևս չի արձանագրել։ Մասնավորապես, պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքների խոշորացումից հետո գրանցվել է բնակչության թվի որոշակի անկում։ Կարելի է արձանագրել, որ համայնքների խոշորացումը չի նպաստել բնակչության թվի աճին, այսինքն՝ այս մասով չի իրականացվել համայնքների խոշորացման հայեցակարգի նախատեսված դրույթները։ Հաջորդ խնդիրը ՏԻՄ և համայնք թույլ կապն է։ Համաձայն հարցման արդյունքների, համայնքների բնակչության մեծ մասը լիարժեք տեղեկատվություն չունի, թե ինչ է իրենից ներկայացնում համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը կամ տարեկան աշխատանքային պլանը։ Այսինքն համայնքային բյուջեների վերաբերյալ իրազեկվածությունը բավական ցածր է երկու համայնքներում։ Ըստ կարևորության դասակարգվել են համայնքում առկա առավել կարևոր հիմնախնդիրները՝ գործազրկությունը, աղբահանությունը, ճանապարհների բարեկարգումը, լուսավորությունը, արտագաղթը, շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական խնդիրները, երիտասարդների զբաղվածության ապահովումը և այլն։

Ըստ ներկաների՝ շատ հաճախ համայնքներին վերաբերվող խնդիրները չեն բարձրաձայնվում, քանի որ տեղի բնակիչները պասիվ մասնակցություն ունեն համայնքներում կատարվող գործընթացներին: Նրանք կա՛մ թերահավատորեն են վերաբերվում կատարվող փոփոխություններին, կա՛մ պարզապես չեն ցանկանում մասնակցել։ ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի՝ արձանագրված խնդիրների մի մասը իշխանություններին հայտնի է և ՏԻՄ-երը դրանց լուծման ուղղությամբ աշխատում են։ Նրա խոսքով` պետք է բնակչությանը բացատրել հատկապես հարկային պարտավորությունների մասին․ այն, որ հենց այդ հարկերի շնորհիվ են համայնքներում խնդիրներ լուծվում։
Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն էլ կարևորեց՝ 2019 թվականից մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։ Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես՝ ջրագծերի, ոռոգման համակարգերի բարելավմանը, և առաջիկա մի քանի տարիների ընթացքում դրանք ամբողջությամբ լուծված կլինեն։
Քննարկման բոլոր մասնակիցները փաստեցին, որ հետազոտությունը շատ կարևոր փաստաթուղթ է ինչպես համայնքների խոշորացման գործընթացի վերլուծության, այնպես էր խոշորացված համայնքների կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի համար։