Վարչապետը կարևորում է գնաճի համատեքստում նաև եկամուտների աճը նշելը
Հայաստանում որևէ մեկը չի ժխտում գնաճի խնդիրը, սակայն պետք է արձանագրել, որ դա գլոբալ երևույթ է։ Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդդիմությունը անընդհատ խոսում է գնաճի մասին։ Այո, որևէ մեկը չի ժխտում այդ խնդիրը և պետք է արձանագրենք նաև, որ գնաճը գլոբալ երևույթ է։ Ընդ որում, Հայաստանը շատ երկրների հետ համեմատ ունի գնաճի շատ ավելի ցածր մակարդակ։ Մարդ ինչպե՞ս կարող է գնաճի դեմ պայքարել։ Եկամուտների աճով, աշխատավարձի աճով։ Ընդգծեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 143 հազար նոր աշխատատեղ։ Ընդ որում, 2022 թվականի սեպտեմբերի տվյալներով 73 տոկոսով աճել է աշխատավարձի ֆոնդը և 41 տոկոսով աճել է միջին աշխատավարձը։ Գնաճի մասին խոսելիս եկամուտների աճը նույնպես պետք է ընդգծել»,- ասաց վարչապետը։
Վարչապետը նաև նշեց, որ 2018 թվականի համեմատ 2023 թվականի առողջապահության ոլորտի բյուջեն աճել է 87 տոկոսով։
«Պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների բուժաշխատողների աշխատավարձը կավելանա միջինը 40 հազար դրամ կամ 20-23 տոկոսով»,- նշեց Փաշինյանը։
Աղբյուրը՝ armenpress.am