Բացվեց «Ժան Մոնե» ԵՄ իրավունքի առաջին ամբիոնը Հայաստանում

Բացվեց «Ժան Մոնե» ԵՄ իրավունքի առաջին ամբիոնը Հայաստանում

Եվրասիա միջազգային համալսարանում պաշտոնապես ազդարարվեց հեղինակավոր Էրազմուս+ Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնի աշխատանքների մեկնարկը։ Սա ԵՄ իրավունքի ոլորտում Ժան Մոնեի առաջին ամբիոնն է Հայաստանում, որի ղեկավարն է ԵՄՀ իրավաբանության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Խվորոստիանկինան:

Բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ և այլ փորձագետներ:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը նշեց, որ Հայաստանում «Ժան Մոնե» առաջին ամբիոնի բացումը իրավական ոլորտում նշանակալի քայլ է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով ներկաներին, հավելեց, որ ամեն ինչ սկսվում է կրթությունից և եթե կարողանանք ապահովել դա, ապա կձևավորվի կրթված հասարակություն:

«Ժան Մոնե» ամբիոնի նպատակն է ծառայել որպես ԵՄ իրավունքի ոլորտում և ԵՄ սահմաններից դուրս իրավակարգերի եվրոպականացման գործընթացների վերաբերյալ գիտելիքների հանգույց: Ծրագրի իրականացումը կհանգեցնի ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ավելի համապարփակ իրականացմանը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացմանը: