Ո՞ր երկրներից և որքա՞ն դրամական փոխանցումներ են կատարվում դեպի Հայաստան

Ո՞ր երկրներից և որքա՞ն դրամական փոխանցումներ են կատարվում դեպի Հայաստան

 

Ռուսաստանը ու Միացյալ Նահանգները արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումների գլխավոր և հիմնական աղբյուրներն են։ Խոսքը բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին է կամ պարզապես՝ տրանսֆերտների։ Ինչպես արդեն գրել ենք մեր նախորդ հոդվածում, ejc.am  2022 թվականին տրանսֆերտների աննախադեպ հոսքը պայմանավորված է Ռուսաստանից ուղարկվող գումարների աճով։ Այս հոդվածով կներկայացնենք, թե ուրիշ, որ երկրներից են գումարներ հոսում Հայաստան և թե Հայաստանից դեպի որ երկրներ է փող ուղարկվում։ Այսպիսով, Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-օգոստոսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 2 մլրդ 910 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2.2 անգամ աճել է։ Միայն Ռուսաստանից ութ նշված ամիսներին ուղարկվել է մոտ 1 մլրդ 902 մլն դոլար, որն աճել է 3.5 անգամ։ Ստացվում է, որ նշված ժամանակահատվածում դեպի Հայաստան տրանսֆերտների 65%-ի աղբյուրը Ռուսաստանն է։ Մյուս Միացյալ Նահանգներն է։ Այս տարվա ութ ամիսներին ԱՄՆ-ից ֆիզիկական անձինք Հայաստան են ուղարկել մոտ 434 մլն դոլար, որը կազմում է դեպի Հայաստան ամբողջ տրանսֆերտների 15%-ը։ ԱՄՆ-ից ուղարկվող գումարները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են 69 մլն դոլարով կամ 19%-ով։ Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրությունը ներկայացնելիս առանձնացնում է միայն 10 երկրների անունները, մնացած երկրները տեղավորվում են «այլ երկրներ» տողի ներքո։

Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո մյուս երկրները, որոնք առանձնացրել է ԿԲ-ն, դեպի Հայաստան տրանսֆերտների ցուցանիշներով անգամներով զիջում են նշված երկու երկրներին։ Նրանց շարքում են Գերմանիան, Ֆրանսիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն և այլն։ Ցուցանիշները առավել մանրամասն ներկայացված են առաջին ինֆոգրաֆիկայում։ Այս երկրների մասով նախորդ տարվա համեմատ տեսանելի ու էական փոփոխություններ չեն գրանցվել։ Այստեղ հետաքրքիր է «այլ երկրներ» տողը, որի ներքո փոխանցումները կազմել են 411 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճելով 164 մլն դոլարով կամ 66%-ով։ Ցավոք, գլխավոր դրամատունը չի հրապարակել «այլ երկրներ»-ի բացվածքը, հետևաբար՝ չենք կարող ասել, թե որ երկրների հաշվին է գրանցվել աճը։ Այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստան գումարներ են ուղարկվել նաև Ուկրաինայից (3.7 մլն դոլար), Չինաստանից (2.4 մլն դոլար) և Թուրքիայից (1.1 մլն դոլար), սակայն, քանի որ ծավալները փոքր են, մենք ինֆոգրաֆիկայում դրանք ներառել ենք «այլ երկրներ» տողի ներքո։

Հայաստանից ևս դեպի արտասահման ֆիզիկական անձինք բանկերի միջոցով գումարներ են փոխանցում։ 2022 թվականի հունվար-օգոստոսին 1 մլրդ 504 մլն դոլարին համարժեք գումար է Հայաստանից ուղարկվել արտասահման։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 2 անգամ։ Այստեղ ևս Ռուսաստանը և Միացյալ Նահանգները էական կշիռ ունեն։ Հայաստանից Ռուսաստան է ուղարկվել 271 մլն դոլար, որը աճել է մոտ 7%-ով։ Իսկ դեպի ԱՄՆ ուղարկվել է 174 մլն դոլար, աճը՝ 40%։ Հայաստանից գումարներ են ուղարկվում նաև դեպի ԱՄԷ, Չինաստան, Թուրքիա, Գերմանիա, Իսպանիա և այլն (տես ինֆոգրաֆիկան): Հատկանշական է, որ Հայաստանից արտասահման գումարների արտահոսքի աճի վրա էական ազդեցություն են ունեցել «այլ երկրներ» տողի ներքո գտնվող երկրները։ Այս տողով դրամական փոխանցումները կազմել են 717 մլն դոլար, որը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել է 458 մլն դոլարով կամ 2.8 անգամ։ Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները աշխարհագրությանը կարող եք ծանոթանալ երկրորդ ինֆոգրաֆիկայում։

Այսպիսով, թե արտասահմանից Հայաստան, թե Հայաստանից արտասահման դրամական փոխանցումների կազմում Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջատար դիրքերում են։ Եվ այս միտումը նոր չէ. նախորդ առնվազն 15 տարիների վիճակագրության ուսումնասիրությունը փաստում է, որ նշված երկրու երկրների գումարների և ներհոսքի, և արտահոսքի գծով առաջատարն են եղել։ Սակայն, որպես կանոն` ինչպես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, այնպես էլ շատ երկրների դեպքում ավելի շատ դեպի Հայաստան է փոխանցվում, քանի Հայաստանից նշված երկրներ փոխանցումների են։ Դա է պատճառը, որ դրամական փոխանցումներում Հայաստանի զուտ ներհոսքը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, դրական է։