Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ

Հայաստանում նախատեսվում է սահմանել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման միասնական կարգ։Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախագծով սահմանվում են հակակարկտային աշխատանքների, տեղումների խթանման, մառախուղի ցրման, ցածր ամպամածության վերացման և այլ օդերևութաբանական երևույթների վրա ներգործության իրականացման նպատակները, մեթոդներն ու անվտանգության պահանջները։

Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները նախատեսվում է իրականացնել բնակչության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի՝ վտանգավոր օդերևութաբանական երևույթներից պաշտպանության նպատակով։

Դիտված և կանխատեսվող չորային եղանակային պայմաններում կարող են իրականացվել տեղումների խթանման աշխատանքներ։ Մառախուղի ցրումը և ցածր ամպամածության վերացումը նախատեսվում է իրականացնել օդանավակայանների, ավտոմոբիլային ճանապարհների և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների անվտանգ գործունեությունն ապահովելու համար։

Ակտիվ ներգործությունները կարող են իրականացվել հրթիռային և ավիացիոն եղանակներով, հակակարկտային կայանքների, քիմիական ռեագենտների, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։

Նախագծով նախատեսվում է, որ աշխատանքները կիրականացվեն օդերևութաբանական դիտարկումների, ռադիոլոկացիոն և արբանյակային տվյալների ու կանխատեսումների վերլուծության հիման վրա՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Նախքան ներգործություն իրականացնելը մասնագիտական կառույցը պետք է գնահատի դրա նպատակահարմարությունը, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև բնակչության, շրջակա միջավայրի և հարակից տարածքների վրա հնարավոր ազդեցությունը։

Յուրաքանչյուր ներգործության դեպքում պետք է գրանցվեն դրա ամսաթիվը, ժամանակահատվածը, աշխարհագրական կոորդինատները, կիրառված մեթոդներն ու սարքավորումները, օգտագործված նյութերի տեսակն ու քանակը և կատարված աշխատանքի արդյունքները։

Գազային կամ պայթյունավտանգ նյութերով գործող կայանքները պետք է համալրված լինեն գազի արտահոսքի հայտնաբերման և վերահսկման ավտոմատ համակարգերով։ Տեխնիկական անսարքության, գազի արտահոսքի կամ հրդեհավտանգ իրավիճակի դեպքում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ոլորտում ներկայում բացակայում է մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման համալիր կարգավորումը։

Որոշման ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի և պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի նախատեսում։

Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։