Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ

Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ

Հայաստանում առաջարկվում է ներդնել բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց կրթական ծրագրերի պետական հավատարմագրման նոր կարգեր։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Նախագծով ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումները կդառնան պարտադիր ու պարբերաբար կրկնվող գործընթացներ։ Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման ստանդարտ ժամկետը կկազմի յոթ, իսկ կրթական ծրագրերինը՝ հինգ տարի։ Ծրագրերի համար հնարավոր կլինի նաև տրամադրել եռամյա պայմանական հավատարմագրում։

Կարգավորումները կտարածվեն Հայաստանում գործող պետական, մասնավոր, միջպետական և միջազգային բուհերի, օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների ծրագրերի վրա։

Հավատարմագրման ընթացքում կգնահատվեն բուհի կառավարումը, կրթական ծրագրերի որակը, դասախոսական կազմը, ուսանողների կրթական փորձառությունը, գիտահետազոտական գործունեությունը, ռեսուրսները և շրջանավարտների զբաղունակությունը։

Նախատեսվում է ձևավորել անկախ փորձագիտական խմբեր՝ միջազգային և ուսանող փորձագետների մասնակցությամբ, ներդնել բողոքարկման ընթացակարգեր, հավատարմագրումից հետո պարտադիր բարելավման ծրագրեր և ռիսկերի վրա հիմնված մշտադիտարկում։

Կստեղծվեն նաև լիցենզիաների ու հավատարմագրերի միասնական պետական գրանցամատյան և որակի ապահովման թվային համակարգ։

Նախագծի ընդունմամբ պետական և համայնքային բյուջեների եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում։