Համաշխարհային բանկ. Վերարտահանման անկումը շարունակում է ազդել Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների վրա
Մայիսին Հայաստանի արտահանումն ու ներմուծումը շարունակել են նվազել, ընդ որում արտահանման անկումն ավելի խորն է եղել, քան ներմուծմանը։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ դրա հիմնական պատճառը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման կրճատումն է ։Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի Հայաստանի տնտեսության վերաբերյալ վերջին մակրոտնտեսական զեկույցում։
Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ եթե բացառվեն վերաարտահանման այդ գործարքները, Հայաստանի ընդհանուր արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 18%-ով՝ հիմնականում հանքային արտադրանքի արտահանման շնորհիվ։
Համաշխարհային բանկը նաև նշում է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական և սննդամթերքի ներմուծման սահմանափակումների շարունակումը կարող է բացասաբար անդրադառնալ տնտեսական աճի և արտաքին առևտրի վրա։ Այդ ռիսկերը մեղմելու նպատակով կառավարությունն արդեն հայտարարել է արտահանողներին աջակցելու միջոցառումների մասին՝ այլ շուկաներ արտահանման տրանսպորտային և մաքսային ծախսերի մի մասը փոխհատուցելու համար։