Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը

Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
Ամենօրյա հոգածություն եւ շոշափելի արդյունքներ. Հայէկոնոմբանկն ու Զինվորի տունը ներկայացնում են մեկամյա նախաձեռնության արդյունքները: 
2025թ. բանկի տարեկան ժողովին կորպորատիվ պատասխանատվության շրջանակում հայտարարվեց Զինվորի տան հետ կարեւոր ծրագրի մեկնարկի մասին, որի համար հատկացվեց 50 մլն դրամ: Ծրագիրը 2 հիմնական բաղադրիչ ուներ. առաջինը կրթական ծրագիր էր զինհաշմանդամների համար՝ բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ, իսկ երկրորդ բաղադրիչն ուղղված էր Զինվորի տան թողունակության մեծացմանը՝ ստացիոնար բուժման հնարավորությունների ավելացմամբ։ 
Կրթական ծրագրի շրջանակում՝
•    շուրջ 30 շահառու անցել է ընդհանուր 93 ժամ տեւողությամբ մասնագիտական վերապատրաստում, որը ներառել է օտար լեզուների, համակարգչային հմտությունների, «փափուկ» հմտությունների (soft skills) դասընթացներ եւ բանկային գործի վերաբերյալ սեմինար-քննարկումներ,
•    14 մասնակից հետաքրքրված է եղել բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ,
•    7 մասնակից հաջողությամբ ներգրավվել է պրակտիկայի ծրագրում,
•    4 շահառու շարունակել է վճարովի ստաժավորումը բանկի Գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում,
•    նոր հաստիքների առկայությանը զուգահեռ՝ ծրագրի մասնակիցների ներգրավումը բանկի թիմում շարունակվելու է:
Ենթակառուցվածքների բարելավման շրջանակում՝
•    ամբողջացվել եւ կարգավորվել է շենքի հակահրդեհային համակարգը՝ որպես կարեւոր անվտանգության բաղադրիչ, 
•    արդիականացվել է 6 տոննա տարողությամբ ջրի ռեզերվուարի ամբողջական համակարգը, փոխարինվել է շենքի ջեռուցման եւ տաք ջրի համակարգի գլխավոր պոմպը,
•    կենտրոնի վիրաբուժական եւ վերականգնողական բաժանմունքները համալրվել են նորագույն բժշկական սարքավորումներով եւ գործիքներով,
•    ձեռք է բերվել Hongqi մակնիշի էլեկտրական ավտոմեքենա, որը ծառայում է շահառուների կարիքներին,
•    իրականացվել են լայնածավալ նորոգման եւ կառուցապատման աշխատանքներ:
 
«Այս ծրագիրը Զինվորի տան հետ Հայէկոնոմբանկի առաջին համագործակցությունն էր, եւ կարճ ժամանակահատվածում արձանագրել ենք իրապես շոշափելի արդյունքներ: Մենք առանձնակի ուշադրությամբ եւ հոգածությամբ ենք իրականացրել այս ծրագիրը՝ կարեւորելով հայրենիքի պաշտպանների համար առավել անվտանգ ու հարմարավետ միջավայրի ձեւավորումը, ինչպես նաեւ նրանց մասնագիտական ինտեգրումն ու կայուն աշխատանքով ապահովումը», - նշել է Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենի գործառնական գծով տեղակալ Վահե Ղազարյանը: 
«Հայէկոնոմբանկի շնորհիվ Զինվորի տունը կարողացավ լուծել երկարաժամկետ խնդիրներ: Թե՛ կրթական, թե՛ վերանորոգման եւ թե՛ մյուս հարցերը, որ լուծում ստացան բանկի աջակցության շնորհիվ՝ էական փոփոխություններ են ենթադրում զինհաշմանդամների կյանքում եւ Զինվորի տան աշխատանքներն առավել որակյալ կազմակերպելու հարցում: Պատերազմից այսքան տարի անց սոցիալական նման մեծ պատասխանատվությունը բացառիկ երեւույթ է»,- ասել է Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: