Արարատում պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարությունն ակտիվ փուլում է

Արարատում պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարությունն ակտիվ փուլում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ շրջել են մարզում՝ ծանոթանալու պետական բյուջեի և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի ընթացքում պաշտոնյաները դիտարկել են Չարբախ–Դարակերտ 2.2 կմ, Մրգավետի մարզային նշանակության 1.2 կմ ճանապարհահատվածի, Մրգավետ–Արևշատ և Վեդի–Լանջառ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև Վերին Արտաշատ–Այգեպատ 4.3 կմ ճանապարհի ասֆալտապատման ընթացքը, որի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 1 մլրդ դրամ։ Բոլոր շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են ակտիվ փուլում։

Պաշտոնյաներն այցելել են նաև Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայր, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 50 տեղանոց մանկապարտեզ։ Ծրագրի արժեքը 132 մլն դրամ է, իսկ շինարարական աշխատանքների շուրջ 95 տոկոսն արդեն ավարտվել է։

Ուրցաձոր բնակավայրում էլ ծանոթացել են ամբողջությամբ ավարտված մանկապարտեզի վերանորոգման արդյունքներին։ Վերանորոգված հաստատությունը սեպտեմբերի 1-ից կընդունի 120 երեխայի։

Շինարարական բոլոր օբյեկտներում նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքների որակն ու սահմանված ժամկետները պահպանելու նպատակով։