ԿԲ ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է երկամսյա գիտահետազոտական պրակտիկան

ԿԲ ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է երկամսյա գիտահետազոտական պրակտիկան
ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է երկամսյա գիտահետազոտական պրակտիկան՝ աշխարհի առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությամբ։
Հպարտությամբ նշում ենք, որ այս տարի ծրագրին մասնակցում է 45 ուսանող այնպիսի հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են Հարվարդի, Օքսֆորդի և Փրինսթոնի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Ֆուդանի համալսարանը և մի շարք այլ առաջատար բուհեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից։ 
 Գիտահետազոտական պրակտիկան նախատեսված է տնտեսագիտության, ֆինանսների, մաթեմատիկայի, տվյալագիտության, կառավարման, իրավաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և Կենտրոնական բանկի գործունեությանը հարակից այլ ոլորտների ուսանողների համար։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ոչ միայն իրականացնում են կիրառական հետազոտություններ, այլև անմիջականորեն աշխատում են Կենտրոնական բանկի փորձագետների հետ՝ ձեռք բերելով գործնական փորձ և ծանոթանալով քաղաքականությունների մշակման գործընթացներին։
 Ուրախ ենք արձանագրել, որ այս տարի առաջին անգամ ծրագրին մասնակցում են նաև Հայաստանի բուհերի ուսանողները, որոնք միջազգային մասնակիցների հետ միասին ներգրավված են հետազոտական աշխատանքներում և մասնագիտական փորձի փոխանակման գործընթացում՝ նպաստելով տեղական և միջազգային ակադեմիական համագործակցության ամրապնդմանը