ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը

ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Սամմիթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ:

Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025, այնպես էլ 2026 թվականներին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ՝ վերահաստատելով ՀՀ կառավարության հետևողական քաղաքականությունը՝ աջակցելու նորարարությանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Ներդրումը միտված է խթանելու տեխնոլոգիական ձեռնարկատիրությունն ու գիտելիքահենք տնտեսությունը, բարձրացնելու հայկական ստարտափների միջազգային մրցունակությունը, ընդլայնելու միջազգային համագործակցությունը և ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կենտրոն։

Մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին` ոչ ֆորմալ ճամբարային ձևաչափով, կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։

Սամմիթը կներառի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ World Youth Environmen Festival, Sevan AgriTech Summit, WineTech Innovation Summit, Cyber Insurance Summit, Minning Innovation Summit, Sevan EV Rally՝ հյուրընկալելով ավելի քան 50 երկրից ժամանած շուրջ 2000 մասնակցի։

Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում հուլիսի 30-ին նախատեսվում է նաև Government Day խորագրով միջոցառումը, որի նպատակը ՀՀ պետական կառույցների կողմից ոլորտային խնդիրների թվային լուծումների ներկայացումն է:

«Սիսայդ Սևան Ստարտափ Սամմիթը» տարածաշրջանի ամենախոշոր և ճանաչված տեխնոլոգիական ու ձեռնարկատիրական հարթակներից մեկն է։ Այն նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչելիության և տեխնոլոգիական հեղինակության բարձրացմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև հայկական ստարտափների՝ համաշխարհային շուկաներ մուտք գործելուն և միջազգային գործընկերությունների ձևավորմանը։