862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են. FIP
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել շահառու խմբի համար բժշկական ծառայությունների և դեղերի ամբողջական կամ մասնակի ֆինանսական հատուցում՝ բարձրացնելով բուժօգնության հասանելիությունը։ Այս մասին գրում է fip.am-ը:
«Փաստերի ստուգման հարթակը» Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից ստացել է ծրագրի իրականացման առաջին հինգ ամիսների՝ հունվար-մայիս ժամանակահատվածի վիճակագրական տվյալները։ Հունիս ամսվա տվյալները դեռ մշակվում են հիմնադրամի կողմից։
Ավելի քան 862 հազար շահառու
Պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին հինգ ամիսների ընթացքում ապահովագրական համակարգից օգտվել է շուրջ 862 հազար շահառու։ Նրանք ընդհանուր առմամբ ապահովագրությունից օգտվել են շուրջ 1,3 միլիոն անգամ։
Այս ծառայությունների ֆինանսավորման համար պետությունը հատուցել է 59,1 միլիարդ դրամ։
Որտե՞ղ են ամենաշատը օգտվել ապահովագրությունից
Ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը գրանցված է Երևանում։
Առաջին եռյակը հետևյալն է.
- Երևան՝ շուրջ 545 հազար շահառու կամ ընդհանուրի 63%,
- Արմավիրի մարզ՝ շուրջ 48 հազար կամ 5,6%,
- Լոռու մարզ՝ շուրջ 43 հազար կամ 5%:
Ամենաակտիվ ամիսն ու տարիքային խմբերը
-
Համակարգի գործարկումից հետո ապահովագրական ծառայությունների նկատմամբ ամենամեծ պահանջարկը գրանցվել է ապրիլին, երբ իրականացվել է շուրջ 330 հազար ապահովագրական դեպք։
Սեռա-տարիքային խմբերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենահաճախ բուժօգնությունից օգտվել են 65 և ավելի բարձր տարիքի կանայք։
Մինչև 18 տարեկանների շրջանում ամենաշատ ծառայություններ ստացել են տղա երեխաները, իսկ 18-65 տարեկանների խմբում առավել ակտիվ օգտվողները եղել են կանայք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: