Վիզաների ազատականացման գործընթացը՝ որակական բարեփոխումների կարևոր մաս․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված առաջընթացն ու Գործողությունների ծրագրով նախատեսված հենանիշերի կատարման ընթացքը։
Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող, նշել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը ներկայումս գտնվում է ակտիվ փուլում։
Նա նաև ընդգծել է, որ գործընթացի շրջանակում Եվրոպական միության կողմից Հայաստանի համար մշակվել է գործողությունների լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է չորս հիմնական ուղղություններ՝ փաստաթղթերի անվտանգություն և կենսաչափական համակարգերի ամրապնդում, սահմանների համալիր կառավարում, միգրացիայի և ապաստանի ոլորտներ, հասարակական կարգի և անվտանգության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանություն։