Հայաստանը կարող է եզակի տարանցիկ օղակ դառնալ էներգետիկ ոլորտում. Իրանի դեսպան

Հայաստանը կարող է եզակի տարանցիկ օղակ դառնալ էներգետիկ ոլորտում. Իրանի դեսպան
Հայաստանն ու Իրանն էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ նոր գաղափարներ են քննարկում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով այն հարցին, թե Իրանը՝ որպես Հայաստանի համար կարևոր էներգետիկ գործընկեր, ո՞ր տարբերակն է մեր երկրի համար առավել արդյունավետ ու շահավետ՝ տարածաշրջանային, թե արտատարածաշրջնայաին համագործակցությունը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ներկայում շարունակվող քննարկումները վերաբերում են էներգետիկ ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններին, այդ թվում՝ գազի, նավթամթերքի ոլորտներին, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների տեղափոխման, տարանցման համագործակցության հարցերին։
«Հաշվի առնելով այն իրականությունը, որ Հայաստանին մի կողմից հարևան է Իրանը, որը նավթի և գազի պաշարների տեսանկյունից 3-րդ երկիրն է աշխարհում, նաև հյուսիսում կա Ռուսաստանը, որը ևս այս ոլորտում ազդեցիկ երկրներից է, կարծում եմ՝ տարածաշրջանում առկա այս ամբողջ ներուժը, միմյանց փոխլրացնելով, կարող է Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտում տարանցման յուրահատուկ օղակի»,- ասաց դեսպան Շիրղոլամին։
Նա վստահ է՝ եթե կողմերը անհրաժեշտ և իրական կամք դրսևորեն, էներգակիրների տարանցման և հենց երկրի էներգետիկ ներուժի խորացման համատեքստում Հայաստանը կարող է բոլորովին նոր դիրքում հայտնվել։