Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախաձեռնությունը

Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրենսդրական նախաձեռնությունը

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։

Նախագծի հեղինակն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն է։

Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։

Մեռելոց օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։

Նոր կարգավորումներով ամրագրվում է նաև, որ Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։

Ընդունված փոփոխություններով հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա այն կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

Հայ կինոյի օրը ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին, Երկրապահի օրը կվերանվանվի «Երկրապահ-աշխարհազորայինի օր», իսկ Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։

Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվում են․ հուլիսի 5-ը մնում է Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր է սահմանվում օգոստոսի 23-ը։

Ազգային փոքրամասնությունների համար, նրանց առաջարկով, Կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ ազգային տոները նշելու նպատակով։

Տոնացույցում ավելացվել են նաև Մեսրոպ Մաշտոցի օրը՝ փետրվարի 17-ին, և Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11-ին։

Օրենսդրական փոփոխություններով սահմանվում են նաև Երևանի և մարզերի օրերը։ Դրանք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ հստակ հերթականությամբ։