Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներ Արարատի մարզում

Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներ Արարատի մարզում
Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ քննարկումներն այսօր շարունակվել են Արարատի մարզում։
Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ կրթության բովանդակությանը վերաբերող բոլոր գործառույթները, դպրոցների բովանդակային կառավարման հետ կապված լիազորությունները փոխանցվում են ԿԳՄՍ նախարարությանը։ Իսկ դպրոցների կառավարման վարչատնտեսական գործառույթները՝ շենքերի և շինությունների պահպանումը, շահագործումը, բարեկարգման աշխատանքները, ինչպես նաև դպրոցների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունները՝ անվտանգություն, մաքրություն, տեխնիկական սպասարկում, սննդի կազմակերպում, լոգիստիկ հարցեր, շարունակելու են իրականացել մարզպետների աշխատակազմերը։