ԵՄ-ի հետ համագործակցությամբ Սյունիքի մարզում իրականացվում է մեծ փաթեթով ծրագիր, որն արդեն ունի ավելի քան 200 միլիոն եվրոյի չափով բյուջե
Սյունիքի մարզպետի աշխատակազմն այժմ փորձում է միջազգային գործընկերների հետ ունենալ բազմավեկտոր համագործակցություն՝ ներառելով պետություն-միջազգային կառույցներ-համայնք-ՀԿ-ներ շղթան։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը նշեց, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ մարզում իրականացվում է մեծ փաթեթով ծրագիր, որն արդեն ունի ավելի քան 200 միլիոն եվրոյի չափով բյուջե։

«Սա հենց այն ծրագրերից է, որն իրականացվում է միայն մեզ մոտ։ Արդյունքն արդեն տեսանելի և շոշափելի է։ Այն անցավ բոլոր փուլերով ու հասավ վերջնակետին։ Ունեցանք և՛ ՀԿ-ների հետ համագործակցությամբ ծրագրեր, և՛ համայնքային ծրագրեր, որոնց շնորհիվ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ սոցիալական ոլորտի զարգացման և մարդկանց կենսակերպի բարելավման համար։ Մենք բացը նկատել էինք նախորդ տարիների ընթացքում, հատկապես Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո։ Սյունիքի մարզը նրանց ընդունող առաջին հանգրվանն էր, և այն, ինչ առավելագույն մարդկային ռեսուրսներով հնարավոր էր անել, մեր մարզն արեց, սակայն երևում էին այնպիսի կետեր, որոնք առավել բարելավման կարիք ունեին»,- ասաց Հարությունյանը։
Նրա դիտարկմամբ՝ խոսքը նախևառաջ առավել լայն ընդգրկմամբ հնարավորությունների և սոցիալական ծառայությունների ավելի մեծ տիրույթի մասին է, հետևաբար 2023 թվականից մեկնարկած ծրագրի ընթացքում փորձ արվեց ավելի ընդլայնել փաթեթը, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ օգտվեն ծրագրից։
«ԵՄ ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «Գորիս Վիննեթ» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագիրը հիմնված է առավելապես համայնքների կողմից սոցիալական ծրագրերի իրականացման վրա։ Եթե նախկինում ունեինք ընդամենը մեկ համայնք, որը սոցիալական ծառայություններ էր մատուցում, ապա այժմ Սյունիքի մարզի չորս համայնքներում ունենք ներդրված համայնքային սոցիալական ծառայություններ, իսկ ՀԿ-ների կողմից մատուցվող ծառայությունները մեր բոլոր յոթ համայնքներում առկա են։ Նաև սերտ համագործակցելով պետության հետ՝ ՀԿ-ները խրախուսվեցին, որպեսզի դիմեն և աջակցություն ստանան պետությունից՝ ապահովելու համար ծրագրերի շարունակականությունը»,- հավելեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ միջազգային կառույցների կողմից տրամադրվող աջակցությունը պետք է հետագայում լինի շարունակական, հետևաբար պետությունն էլ անմասն չմնաց այդ գործընթացից՝ իր վրա վերցնելով համաֆինանսավորման հանձնառություն։
«Մենք ունենք տարատեսակ ծրագրեր, որոնք վերաբերվում են տարեցներին, երեխաներին, հատուկ կարիքավոր երեխաներին։ Ունենք նոր ծառայություններ, որոնք եզակի են իրենց տեսակով, օրինակ՝ սոցիալական տաքսին Գորիսում և Սիսիանում․ վերջինիս գործունեությունն իրականացվում է համայնքային բյուջեով՝ շահառուների համար անվճար հիմունքներով, Մեղրիում գործում է երեխաների ներառական կենտրոնը, որը նույնպես գործում է համայնքային բյուջեով՝ անվճար ծառայություններ մատուցելով կարիքավոր երեխաներին։ Սահմանամերձ բնակավայրերում, օրինակ, Տեղ համայնքում առաջին անգամ ներդրվեց երեխաների սոցիալական ծառայություն, իսկ այն ՀԿ-ն, որը դիմել էր ծրագրի համար ու ստացել աջակցություն ծրագրի կողմից, արդեն իսկ հավաստագրվել է պետության կողմից ու կարող է ապահովել ծրագրի շարունակականությունը»,- ասաց Հարությունյանը։

Եթե պետական աջակցությունն անհրաժեշտ է, ապա տարբեր խողովակներով այդ աջակցությունը ներգրավվում է կարևոր ծրագրերում։ Համայնքներում ստեղծվել են սոցիալական հանձնաժողովներ, որոնք իրականացրել են մեծ ծավալի աշխատանքներ՝ կազմելով սոցիալական ծրագրեր բոլոր համայնքների համար, որոնք ներառվում են համայնքների բյուջեներում։
Նյութն ամբողջությամբ՝ Արմենպրես