Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան

Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան

Միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-40 տոկոսի աշխատավարձի աճ ունենք: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա նշանակում է՝ մեծամասամբ բոլորինը բարձրացել է, բայց լինում են առանձնակի ամբուլիատորիաներ, որոնք ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից, և պարտքերը վճարում են, որպեսզի արդեն առողջացած՝ կարողանան բավարար հավելյալ գումարներ վճարել իրենց մասնագետներին: Սա վերաբերում է ոչ միայն բժիշկներին, այլև միջին բուժանձնակազմերին:

Այստեղ հարց ունենք, որ մենք անցել ենք արդյունքային աշխատավարձի տրամաբանությանը. բժիշկը, նեղ մասնագետը, եթե չի սպասարկում, և որևէ բուժառու օրվա ընթացքում չի ունենում, ապա նրա աշխատավարձի առումով կլինեն բարդություններ, կամ եթե աշխատում է 3 ժամ, օրինակ, այո, նրա աշխատավարձը, ըստ էության, չի կարող բավարարել: Բայց մեր բոլոր նեղ մասնագետները, որոնք ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է: Մեր ակնաբույժների, նյարդաբանների և այլ շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով՝ անգամներով աճել է, ինչը մեր նպատակն էր՝ դիմելիության հաշվին:

Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում»,- նշեց նախարարը: