Հավաստագիր կստանան նաև ամուսնալուծված արցախցիները. փոփոխություններ բնակապահովման ծրագրում

Հավաստագիր կստանան նաև ամուսնալուծված արցախցիները. փոփոխություններ բնակապահովման ծրագրում
Բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական ծրագրից կարող են օգտվել և հավաստագիր ստանալ նաև ամուսնալուծված արցախցիները։ Դիմում –հայտի մեջ, սակայն, անչափահաս երեխայի (կամ երեխաների) տվյալները կարող է լրացնել և նրան հասանելիք մասնաբաժինը ստանալ միայն այն ծնողը, որի հետ ապրում է երեխան (երեխաները)։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը` ներկայացնելով բնակապահովման ծրագրում կատարված փոփոխությունները։
Կառավարությունը հունիսի 25-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ամուսնալուծված ծնողներից մեկը այս դրույթի բացակայության պատճառով չէր կարողանում ստանալ հավաստագիր, քանի դեռ մյուս ծնողն ու երեխան (կամ երեխաները) չեն ստացել հավաստագիր։
«Դատարանի որոշման բացակայության դեպքում երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ, և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։ Այս դեպքում դիմումը չի մերժվի թերի կազմի հիմքով։ Այս հարցը հենց ամուսնալուծված հայրերն են բարձրացրել, քանի որ հիմնականում չունեն դատարանի վճիռ, և երեխաների խնամքը հանձնված է մայրերին»,–ասաց նա։
Ղարագյոզյանի խոսքով` այս պահին դեռևս ծրագրային ապահովումը թարմացված չէ։ Քանի դեռ ծրագրային ապահովումը չկա, անձինք կարող են դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, դիմումի հիման վրա մեխանիկական եղանակով հավաստագիրը կգեներացվի։ Առաջիկայում կլինի նաև ծրագրային ապահովումը, և ինքնաշխատ եղանակով այդ հավաստագիրը կգեներացվի։
Երկրորդ փոփոխությունը վերաբերվում է այն ընտանիքներին, որոնց դիմում– հայտարարությունը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։
«Միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացված դիմումների մեջ բազմաթիվ էին այդպիսի դեպքերը, որտեղ դիմումը մերժվել էր մինչև 6 տարեկան երեխայի տվյալների բացակայության հիմքով, այսինքն՝ կա՛մ մուտքագրող օպերատորն է թերացել, կա՛մ ծնողը տվյալ չի ներկայացրել, կա՛մ երեխան ծնվել է Հայաստանում և հետևաբար «ֆիլտրի» տակ է ընկել։ Որոշվեց, որ եթե 2023 թվականի սեպտեմբերի 19–ի դրությամբ երեխայի 6 տարին լրացած չի եղել, և ընտանիքի դիմումը մերժվում է բացառապես այդ երեխայի տվյալների բացակայության հիմքով, այլևս այդ դիմումները չեն մերժվի, եթե ընտանիքի մյուս բոլոր անդամների տվյալներում ամեն ինչ նորմալ է»,–ասաց Ղարագյոզյանը։
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք երևանամերձ համայնքներում բնակարան են ձեռք բերել և 1 անձի հաշվարկով նրանց տրամադրվող գումարը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն դրամ` առաջացնելով դրական մնացորդ, որը մինչ այս կարելի էր մեկ անգամ օգտագործել վերանորոգման վարկ ստանալու կամ կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար։
«Այն ընտանիքները, որոնք դրական մնացորդն իրացրել էին, բայց ոչ ամբողջ սահմանաչափով, օրինակ` մինչև 4 միլիոն դրամ կարող էին ուղղել վերանորոգման վարկին, իրենք 1 միլիոն դրամ են ուղղել, և երբ աջակցությունը 3 միլիոնից դարձել է 4 միլիոն դրամ, և գոյացել է դրական մնացորդ, բայց հնարավորություն չեն ունեցել կրկին դիմելու վերանորոգման համար, քանի որ ծրագրից մեկ անգամ արդեն օգտվել են, այժմ հնարավորություն ունեն երկրորդ անգամ դիմելու վերանորոգման վարկի համար։ Սահմանաչափը չի փոխվել, շարունակում է մնալ 4 միլիոն դրամ ընտանիքի հաշվով։ Ընտանիքի յուրաքանչյուր 6-րդ և հաջորդ անդամի հաշվով ավելացվում է 800 000 դրամ, բայց ոչ ավել, քան 8 միլիոն դրամ 1 ընտանիքի հաշվով»,–ասաց նա։
Դրական մնացորդի իրացման վերաբերյալ ևս մեկ փոփոխություն է իրականացվել։ Այն ընտանիքները, որոնք հավաստագրով ձեռք են բերել անհատական բնակելի տուն, որը չունի վերանորոգման կարիք, բայց ընտանիքը ունի դրական մնացորդ և ցանկանում է այն ուղղել, օրինակ, 2-րդ հարկ կառուցելուն կամ տնամերձ տարածքում որևէ նոր շինություն կառուցելուն, որը մինչ այս ֆինանսական կազմակերպությունների վերանորոգման վարկի պորտֆելում ներառված չէր, ապա այժմ վերանորոգման վարկի շրջանակում նրանք կարող են նման աշխատանքներ իրականացնել։
Մեկ այլ փոփոխությունով էլ հնարավորություն է տրվել միավորել ընտանիքի անդամների հավաստագրերը, եթե ընտանիքի 1 կամ 2 անդամը քաղաքացիություն ստանալու հետ կապված որոշակի խնդիրներ ունի։
«Դա հիմնականում վերաբերում է ավելի տարեց անձանց, որոնք ունեն փաստաթղթերի հետ կապված խնդիրներ։ Որպեսզի ընտանիքի մյուս անդամները չտուժեն, հնարավորություն է տրվում, որ ընտանիքի մի մասը (խոսքը պարտադիր կազմի մասին չէ) դիմեն, ստանան հավաստագիրը, իրացնեն, այնուհետև, երբ ընտանիքի այդ անդամը, որն ունի խնդիրներ, քաղաքացիություն ստանալուց հետո դիմի, ստանա հավաստագրով հասանելիք գումարը։ Այդ գումարը կդիտարկվի որպես դրական մնացորդ, քանի որ հավաստագիրն արդեն իրացված է, և կուղղվի համապատասխան ուղղություններով՝ վերանորոգման վարկի ստացում, կահույք և կենցաղային տեխնիկայի գնում կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում»,–ասաց նա։
Ղարագյոզյանը հավելեց, որ ծրագրի շրջանակում կանխավճարը դարձել է պարտադիր, որի չափը կազմում է հավաստագրով հասանելիք գումարի 20 տոկոսը, որը սակայն վճարում է պետությունը։
Հավելենք, որ 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնի տեղահանված 6336 ընտանիք, որից 2896-ը իրացրել են այն։ Մայիսի 25 -ի դրությամբ ծրագրի շրջանակում ծախսվել է 3,851,309,400 դրամ, որն ուղղվել է 2608 շահառուների հիփոթեքային վարկերի ամսական մարումներին ու կադաստրային վճարներին, 479 շահառուների վերանորոգման վարկերի ամսական մարումներին, 30 շահառուների գյուղ նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի ամսական մարումներին, ինչպես նաև 83 շահառուների հավելյալ հիփոթեքային վարկերի մարմանը, 53 շահառուների գործող հիփոթեքային վարկերի մարմանը, 290 շահառուների կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը։