Աշխարհի խոշորագույն ընկերությունները նոր ռեկորդներ են սահմանել Forbes Global 2000 վարկանիշում

Աշխարհի խոշորագույն ընկերությունները նոր ռեկորդներ են սահմանել Forbes Global 2000 վարկանիշում

Forbes Global 2000 ամենամյա նոր վարկանիշում ընդգրկված աշխարհի խոշորագույն հրապարակային ընկերությունները նոր ռեկորդներ են սահմանել եկամուտների, շահույթի, ակտիվների և շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշներով։

Forbes-ում նշել են, որ, չնայած առևտրային պատերազմներին, աշխարհաքաղաքական լարվածությանը, էներգակիրների բարձր գներին և գնաճին, աշխարհի խոշորագույն ընկերությունները շարունակում են կայուն աճ գրանցել։ Այս տարի արդեն 24-րդ անգամ հրապարակվող Global 2000 վարկանիշը ռեկորդային արդյունքներ է ցույց տվել բոլոր չորս հիմնական չափանիշներով։

«Աշխարհի առաջատար ընկերությունների համախառն տարեկան վաճառքի ծավալը կազմել է 56 տրիլիոն դոլար (6%-ով ավելի, քան նախորդ տարվա ռեկորդը), շահույթը՝ 5.5 տրիլիոն դոլար (+13.9%), իսկ ակտիվները՝ 272 տրիլիոն դոլար (+12.9%)։ Ամենատպավորիչն այն է, որ Global 2000-ի մասնակից ընկերությունների ընդհանուր շուկայական կապիտալիզացիան նախորդ տարվա ռեկորդի համեմատ աճել է 31.8%-ով՝ բաժնետերերի արժեքն ավելացնելով ավելի քան 30 տրիլիոն դոլարով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Աճի գլխավոր շարժիչ ուժը դարձել են արհեստական բանականության ոլորտի ընկերությունները։ Կիսահաղորդիչների արտադրողների, համակարգչային սարքավորումների արտադրողների և ծրագրային ապահովման մշակողների (այդ թվում՝ Microsoft-ի և Alphabet-ի) ընդհանուր կապիտալիզացիան գրեթե կրկնապատկվել է՝ 23.9 տրիլիոն դոլարից հասնելով 41.4 տրիլիոն դոլարի։ Forbes-ի տվյալներով՝ այս ոլորտին բաժին է ընկել վարկանիշի մասնակիցների ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի աճի 57%-ը։

Սակայն նույնիսկ արհեստական բանականության բումի պայմաններում Global 2000 վարկանիշում շարունակում են գերակշռել բանկերը՝ թե թվով, թե ակտիվների ծավալով։

Վարկանիշի առաջին հորիզոնականը չորրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է ամերիկյան JPMorgan Chase բանկը՝ 4.9 տրիլիոն դոլարի ակտիվներով։ Երկրորդ տեղում Amazon-ն է՝ 742.8 միլիարդ դոլարի հասույթով և 2.8 տրիլիոն դոլարի շուկայական կապիտալիզացիայով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Berkshire Hathaway ներդրումային կոնգլոմերատը։

Չորրորդ հորիզոնական է բարձրացել արհեստական բանականության խոշորագույն մատակարարներից մեկը՝ Alphabet-ը, որը բարելավել է իր դիրքը հինգ աստիճանով։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 4.8 տրիլիոն դոլար։ Հինգերորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի պետական նավթագազային Saudi Aramco ընկերությունը՝ 1.8 տրիլիոն դոլարի կապիտալիզացիայով։

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Bank of America-ն, Microsoft-ը և Չինաստանի երեք խոշորագույն բանկերը։

2026 թվականի վարկանիշում ամենամեծ առաջընթացն արձանագրել են արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունները։ Nvidia-ն զբաղեցրել է 27-րդ տեղը՝ դառնալով ցանկի ամենաթանկ կիսահաղորդիչների արտադրողը՝ 5.5 տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիայով։ SK Hynix-ը բարձրացել է 107 հորիզոնականով՝ զբաղեցնելով 48-րդ տեղը, իսկ ամպային արհեստական բանականության CoreWeave ընկերությունը մեկ տարվա ընթացքում առաջ է շարժվել միանգամից 706 հորիզոնականով՝ զբաղեցնելով 1093-րդ տեղը։

Աշխարհագրական բաշխվածությամբ առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն․ վարկանիշում ընդգրկվել է 593 ամերիկյան ընկերություն, մինչդեռ մեկ տարի առաջ դրանց թիվը 612 էր։ Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 300 ընկերությամբ, իսկ Հոնկոնգի հետ միասին «Մեծ Չինաստանի» ներկայացուցիչների թիվը հասնում է 340-ի։ Երրորդ տեղում Ճապոնիան է՝ 179 ընկերությամբ, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (67), Հարավային Կորեան (66), ինչպես նաև Կանադան և Հնդկաստանը՝ յուրաքանչյուրը 64 ընկերությամբ։

Միաժամանակ ԱՄՆ-ն շարունակում է պահպանել առաջատար դիրքը նաև ընդհանուր շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով՝ շուրջ 67.9 տրիլիոն դոլար, ինչը գերազանցում է վարկանիշում ընդգրկված բոլոր ընկերությունների ընդհանուր շուկայական արժեքի կեսը։