Մե հրաշք, կառավարությունը որոշել է մեր բոլորի բջջային հեռախոսները վերահսկել. Սամվել Մարտիրոսյանի ահազանգը

Մե հրաշք, կառավարությունը որոշել է մեր բոլորի բջջային հեռախոսները վերահսկել. Սամվել Մարտիրոսյանի ահազանգը

«Կառավարությունը որոշել է մեր բոլորի բջջային հեռախոսների IME-ները գրանցել։ IME-ն դա հեռախոսի հատուկ համարն է, այն ձեզ դարձնում է շատ վերահսկելի հեռախոսի տեսանկյունից։ Սա հայտարարվում է, որ արվում է սև շուկան բջջային հեռախոսների փակեն, բայց եկեք հասկանանք այս ամենը ինչ վտանգներ է պարունակում»,– անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, որով նախատեսվում է գրանցել բջջային հեռախոսների IMEI համարները՝ ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության առաջին խնդիրը քաղաքացիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է։

«Առաջինն այն է, որ սա դառնում շատ ավելի վերահսկելի մեզ, որովհետև ոչ միայն քարտով եք դուք վերահսկվում, այլ նաև ֆիզիկապես և պարզ է դառնում, որ սա ձեր հեռախոսն է»,– նշել է նա։

Մարտիրոսյանի պնդմամբ՝ նախագծով ստեղծվում է պետական կառույց, որը կկուտակի մեծ ծավալի տվյալներ։

«Ըստ նախագծի, ստեղծվում է ինչ-որ պետական կազմակերպություն, որին շատ տվյալներ են տրվում՝ ձեր հեռախոսի IME-ն, SIM քարտը, անձնագրի տվյալները, նաև սահմանի շարժը։ Եթե ձեր հեռախոսը պետական ռեգիստրում չկա, ինքը բլոկվելու է»,– ասել է նա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետն անդրադարձել է նաև հնարավոր ազդեցությանը զբոսաշրջիկների վրա։

«Սա նաև մեծ «ուրախություն» տուրիստների համար՝ այսինքն մարդ գալիս է Հայաստան, 30-րդ օրը իր հեռախոսն անջատվում է, որովհետև ինքը գրանցված չի կամ պետք է գնա գրանցվի։ Պատկերացրեք՝ գնացել եք մի երկիր ֆռֆռալու, բայց պետք է մի հատ ինչ-որ պետության կառույցում հերթ կանգնեք, ձեր հեռախոսի IME-ն գրանցեն, որ բլոկ չընկնի՝ մե հրաշք»,– նշել է նա։

Մարտիրոսյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը ենթադրում է անհամաչափ տվյալների հավաքագրում՝ առանց բավարար վերահսկողական մեխանիզմների։

«Մենք այստեղ առնչվում ենք անհամաչափ տվյալների հավաքագրման հետ։ Անվերահսկելի է, որովհետև վերահսկողների և վերահսկողության մեխանիզմը ես առնվազն չեմ տեսնում։ Ինչ-որ մի քանի հազար հեռախոս շուկայից հանելու, որոնք սև ձևով են ինչ-որ պահից մեկը մի երեք հատ հեռախոս է բերել, վաճառել է, ու այս խնդիրը լուծելու համար արժե հերթական անգամ բոլորին վերահսկողության տակ գցել»,– ասել է նա։

Նա նաև պնդել է, որ նախաձեռնությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է նախատեսում քաղաքացիների համար։

«Ձեզ ուրախացնեմ ու ասեմ, որ դրա համար պետք է դուք վճարեք՝ ինչ-որ տուրք կա, որի չափը գրած չի, բայց ևս լրացուցիչ պետական բյուջեի մեջ գումար է ավելանում»,– նշել է Մարտիրոսյանը։

Փորձագետի կարծիքով՝ նման կարևոր նախաձեռնությունները պետք է լայն հանրային քննարկման առարկա դառնան։

«Ընդհանրապես սենց լուրջ որոշումները պետք է քննարկվեն ոչ միայն ԱԺ-ում, այլ նաև Կառավարության ընդունած փաստաթղթերի շրջանակում»,– ասել է նա։

Անդրադառնալով միջազգային փորձին՝ Մարտիրոսյանը թվարկել է այն երկրները, որտեղ գործում է նման համակարգ.

«Ահա թե որ երկրներում այս փորձը կա՝ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։ Սա է միջազգային փորձը։ Ինչպես տեսնում եք՝ աշխարհի ամենաժողովրդավար երկրներն են, և շուտով ևս մի ժողովրդավարության բաստիոն է այս ամենը կիրառելու՝ Ռուսաստանը»։