Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան

Այսօր, ԱՄՆ գործուն ներգրավվածությամբ, Հայաստանը և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 25-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է. 

«Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար, հարգարժան պարոն Ալեն,

Ձերդ Գերազանցություններ,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանի առթիվ:

Դեռևս 250 տարի առաջ ազատության, անկախության և հավասարության արժեքները հիմք դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության ստեղծման ու կայուն զարգացման համար։ Այդ արժեքները մինչև այսօր կարևոր դեր ունեն ԱՄՆ միջազգային հեղինակության և Հայաստանի հետ ամուր բարեկամության խորացման գործում։

Հայաստան - ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում 2025 և 2026 թվականների մեր երկկողմ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները։ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև ստորագրված համատեղ հռչակագիրը դարձավ կարևոր հանգրվան՝ նշանակալի ազդեցություն ունենալով ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։