ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և տնտեսվարողների իրավունքների պաշտպանության ամրապնդման նպատակով՝ մաքսային համակարգում ներդրվել են մի շարք նոր կարգավորումներ։ Պարզեցվել են մաքսային ստուգումների ընթացակարգերը, սահմանվել են ստուգումների ժամկետները, ներդրվել են փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման մեխանիզմներ, ինչպես նաև հստակեցվել են վարչարարական գործընթացներն ու վերանայվել են իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության նորմերը։ Ակնկալվում է ապահովել առավել թափանցիկ, կանխատեսելի և արդյունավետ մաքսային վարչարարություն։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
Կամերալ մաքսային ստուգումների հստակ ժամկետներ
Կամերալ մաքսային ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը։ Միաժամանակ, ստուգման ենթակա անձը պարտադիր ծանուցվելու է ստուգման մեկնարկի մասին։ Փոփոխություններով՝ ստուգման ժամկետը չի կարող երկարաձգվել կամ կասեցվել։ Փոփոխության նպատակն է ապահովել առավել կանխատեսելի, հստակ և թափանցիկ մաքսային վարչարարություն՝ նվազեցնելով նախկին կարգավորումների անորոշությունները և ուժեղացնելով տնտեսվարողների իրավունքների պաշտպանությունը։
Մաքսային փաստաթղթերի ծանուցման նոր կարգ
Մաքսային ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը տրամադրվելու են առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախկինում օրենքով սահմանված չէին էլեկտրոնային համակարգերով ծանուցման մեխանիզմներ, առանձին փաստաթղթերի մասով ծանուցման ընթացակարգեր առկա չէին։ Փոփոխության արդյունքում փաստաթղթաշրջանառությունը կդառնա առավել պարզ, արագ և կանխատեսելի։
Ստուգման ակտի նախագիծ և առարկությունների հնարավորություն
Մաքսային ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում ստուգման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, կազմվելու է ստուգման ակտի նախագիծ, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվելու է ստուգվող անձին։ Այն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հնարավոր կլինի ստուգման ակտի նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկություններ, պարզաբանումներ։ Կարգավորումը նպատակ ունի ապահովել գործընթացի առավել հստակ ընթացք, ինչպես նաև ապահովել տնտեսվարողի իրավունքի իրացումը՝ ներկայացնելու իր դիրքորոշումը մինչև վերջնական որոշման կայացումը։
Ստուգմանն առնչվող բոլոր որոշումները՝ մեկ փաստաթղթում
Մաքսային ստուգումների արդյունքների հիման վրա կայացվող որոշումների տեսակները հստակ սահմանվելու և ներառվելու են ստուգման ակտում։ Նախկինում նման որոշումները կարող էին կազմվել առանձին՝ ստուգման ակտից անկախ, ինչը բարդացնում էր ստուգման գործընթացը։Փոփոխության նպատակն է պարզեցնել վարչարարությունը և բարձրացնել գործընթացների արդյունավետությունը։
Կրկնվող անվտանգության պահանջների վերացում
Մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող որոշ տնտեսվարողների համար (ժամանակավոր պահպանության, մաքսային, ազատ պահեստներ, անմաքս առևտրի խանութներ) վերացվելու են կրկնվող պահանջները։ Նախկինում, միաժամանակ, պարտադիր էր, ինչպես պահնորդաազդանշանային անվտանգության համակարգերի ապահովումը, այնպես էլ՝ անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը, ինչը գործնականում կրկնում էր նույն պահանջը։ Փոփոխությամբ կարգավորումները պարզեցվելու են, ավելորդ վարչարարական պահանջներն էլ վերացվելու են։
Պատասխանատվության նոր կարգավորումներ
Մաքսային ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում կազմակերպությունների համար սահմանվելու է պատասխանատվություն՝ նախատեսելով տուգանք՝ չհաշվարկված կամ պակաս հաշվարկված պարտավորությունների 20 տոկոսի չափով, իսկ պայմանական բացթողնման պայմանների խախտման դեպքում՝ 50 տոկոսի չափով։ Միաժամանակ վերանայվելու է տույժերի դրույքաչափը՝ 0.04 տոկոսից բարձրանալով մինչև 0.075 տոկոս՝ ապահովելով համապատասխանեցում ՀՀ հարկային օրենսդրությանը։ Ֆիզիկական անձանց համար նախատեսվում է առանձին կարգավորում՝ հաշվարկման գործընթացը պարզեցնելու նպատակով։ Փոփոխությունները միտված են իրավախախտումների կանխարգելմանը, պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը և մաքսային պարտավորությունների պատշաճ կատարման խթանմանը։
Իրազեկման թերթիկն այստեղ։