Եկեղեցիների մանրակերտները ժամանակավորապես տեղափոխվել են թանգարան. Վաղարշապատի համայնքապետարան

Եկեղեցիների մանրակերտները  ժամանակավորապես տեղափոխվել են թանգարան. Վաղարշապատի համայնքապետարան
Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքապետարանին կից պուրակում տեղադրված եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել։ Դրանք ժամանակավորապես տեղափոխվել են Վաղարշապատի համայնքապետարանի պատմազգագրական թանգարան՝ վերականգնման և բարելավման աշխատանքների իրականացման նպատակով։
«Աշխատանքների շրջանակում մանրակերտները կվերականգնվեն, իսկ ցուցափեղկերը կփոխարինվեն նորերով՝ ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից լուծումներով։ Դրանք կունենան լուսավորություն, ջերմակայուն համակարգ, ինչպես նաև QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կկարողանան ծանոթանալ յուրաքանչյուր եկեղեցու պատմությանը և հետաքրքիր տեղեկություններին։
Ուրախությամբ հայտնում ենք նաև, որ վերականգնման աշխատանքներն իրականացվում են հենց մանրակերտների հեղինակի՝ Սամվել Հակոբյանի կողմից, ինչը լավագույն երաշխիքն է դրանց որակյալ և սկզբնական տեսքի պահպանմամբ վերականգնման համար։
Շնորհակալ ենք ձեր ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։ Վստահ ենք, որ աշխատանքների ավարտից հետո նորացված ցուցադրությունը կդառնա մեր համայնքի ևս մեկ գեղեցիկ և արժեքավոր այցեքարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ: