Տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին. Փաշինյանը՝ «Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համաձայնագրի մասին
Սովորաբար տրանզիտը ոչ թե տրանզիտ երկրին է կախվածություն բերում, այլ տրանզիտի վերջնական կետին է կախվածություն բերում, և սա պարզ տրամաբանություն է: Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունների ստորագրած համաձայնագրին առնչվող քննադատություններին:
«Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա: Ինչքան շատ բան է անցնում Հայաստանով, այնքան Հայաստանի տնտեսական, քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը ավելի մեծանում է, և սա ակնհայտ բան է:
Այն մարդիկ, որոնք այդպես են ասում, ուզում են՝ Հայաստանը լինի կոնֆլիկտի փակուղի: Մենք ասում ենք՝ ո՛չ, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է: Հարավից հյուսիս, հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք ինչքան հնարավոր է՝ պետք է մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երկաթուղիներ, օդային գծեր անցնեն: Դա է խաղաղության և անվտանգության երաշխիքը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Փորձագետների խոսքով՝ հայկական ընկերությունը չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք, ադրբեջանական ինտերնետը Հայաստանի տարածքով կանցնի, բայց հայկական ցանց չի մտնի: