Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան՝ Փաշինյանին սատարելու համար․ Politico
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։ Այս մասին հայտնել են ուղևորության ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ, փոխանցում է «Politico»-ն։
Եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաև Մարտա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում նրա արևմտամետ կուսակցության արձանագրած համոզիչ հաղթանակից հետո։
Թեև այցի մանրամասները դեռ ամբողջությամբ համաձայնեցված չեն, հուլիսի 1-ին նախատեսված ուղևորությունը կհամընկնի Մոսկվայից հեռանալու և ԵՄ-ի հետ կապերը խորացնելու Փաշինյանի ջանքերի հետ։ Դա հաջորդում է մի քվեարկության, որը շատերը համարեցին Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի շուրջ անցկացվող հանրաքվե։ Վերջին ընտրությունները շատերի կողմից ընկալվել են որպես երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցով յուրօրինակ հանրաքվե։
«Մենք տեսել ենք, որ երկիրը գտնվում է Ռուսաստանի կողմից ուժեղ և մշտական ճնշման ներքո. նման այցը աջակցության հզոր ազդանշան կլինի, որը կլրացնի արդեն իսկ ցուցաբերված կոնկրետ օգնությունը»,— հայտարարել է ուղևորության նախապատրաստմանը մասնակցող ԵՄ պաշտոնյաներից մեկը։ Նրա խոսքով՝ այցը պետք է հասցնի հետևյալ ուղերձը. «Եվրոպան ձեր կողքին է»։
Այս ուղևորությունը հետևանքներ ունի նաև Բրյուսելի համար։ Երկու պաշտոնյաների փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին նախատեսված Եվրահանձնակատարների կոլեգիայի նիստը չեղարկվել է։ Դրա արդյունքում հետաձգվել կամ փոփոխության են ենթարկվել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի Պետական գնումների մասին օրենքը, ԵՄ-ում մրցույթների անցկացման կանոնների բարեփոխումը, ինչպես նաև պաշտպանական միասնական շուկայի, նորարարությունների և անասնաբուծության ոլորտներում իրականացվող նախաձեռնությունները։
Սա կլինի վերջին երկու ամսվա ընթացքում ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած երկրորդ այցը։ Մայիսին Եվրահանձնաժողովի ղեկավարը Երևանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որից հետո ներկա էր գտնվել նաև ԵՄ-Հայաստան անդրանիկ բարձր մակարդակի հանդիպմանը։
Այս ընտրություններն առաջինն էին այն բանից հետո, երբ 2024 թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը սկսեցին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել էին 2020 թվականի պատերազմից հետո։ Թեև տարածաշրջանը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, 1990-ականներից ի վեր այն հայաբնակ էր և վերահսկվում էր հայկական կողմից։ Սակայն ադրբեջանական վերջին ռազմական գործողություններից հետո, երբ Բաքուն ամբողջական վերահսկողություն հաստատեց տարածքի նկատմամբ, տեղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ լքել հայրենիքը։
Այս իրադարձություններից հետո Փաշինյանն էլ ավելի արագացրեց Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը. Հայաստանը սառեցրեց Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքին իր անդամակցությունը և պաշտոնապես հայտարարեց մոտ ապագայում Եվրամիությանը միանալու ցանկության մասին։
Չնայած քվեարկության ընթացքի վրա ազդելու Մոսկվայի փորձերի մասին լուրերին՝ Փաշինյանին հաջողվեց ապահովել իր պաշտոնավարման երրորդ ժամկետը և պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։ Ընտրարշավն ուղեկցվում էր ընտրություններին միջամտելու և ընտրակաշառքների վերաբերյալ մեղադրանքներով։ Հայաստանի իրավապահները ձերբակալել են ավելի քան 40 հոգու՝ ենթադրյալ ընտրակեղծիքների սխեմայի գործով, որում, ըստ հաղորդումների, ներգրավված են եղել ընդդիմադիր կուսակցությունների հետ կապ ունեցող անձինք։
Երևանի և Կրեմլի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին Բրյուսելն ավելացրել է Հայաստանին տրամադրվող քաղաքական և ֆինանսական աջակցությունը։
Անցյալ շաբաթ Եվրամիությունը հաստատեց Հայաստանին 34 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։ Այս միջոցներն ուղղվելու են հայկական արտահանման դեմ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների հետևանքները մեղմելուն և դեպի եվրոպական շուկաներ առևտրի դիվերսիֆիկացմանը։ Բացի այդ, Եվրամիությունը քաղաքացիական դիտորդական առաքելություն է տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։