Հայաստանը պատրաստվում է ԱԸՊ՝ Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության համակարգի ներդրմանը

Հայաստանը  պատրաստվում է ԱԸՊ՝ Արտադրողի Ընդլայնված  Պատասխանատվության  համակարգի  ներդրմանը

Հայաստանը պատրաստվում է ԱԸՊ՝ Արտադրողի Ընդլայնված Պատասխանատվության համակարգի ներդրմանը։ Այն բիզնեսներին պարտավորեցնելու է վերամշակել իրենց ապրանքի օգտագործումից հետո գոյացող թափոնը, որպեսզի պլաստիկ շիշը կամ հին անվադողը ոչ թե հայտնվի աղբավայրում կամ նետվի բնություն, այլ վերածվի երկրորդային հումքի։ Գործելու է «աղտոտողը վճարում է» սկզբունքը։ Օրենքն առաջին փուլում տարածվելու է միայն 6 խումբ ապրանքների վրա․

  • ոչ ալկոհոլային խմիչքներ,
  • ալկոհոլային խմիչքներ,
  • անվադողեր,
  • մարտկոցներ,
  • շարժիչային յուղեր,
  • էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ։

Օրինագիծը մշակած աշխատանքային խմբից վստահեցնում են․ փորձագիտական հաշվարկների համաձայն՝ նորույթը տնտեսության համար ֆինանսական մեծ բեռ չի դառնա։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար, թափոնների կառավարման փորձագետ Հարություն Ալպետյանի խոսքով՝ եթե խոսում ենք միավոր ծախսի մասին, օրինակ՝ ջրի մեկ շշի PET-փաթեթավորումը վերամշակելու համար կպահանջվի 1-2, առավելագույնը՝ 3 դրամ։ Ընդամենը այդքան գումար է անհրաժեշտ, որպեսզի տվյալ աղբը չհայտնվի մեր գետերում ու անտառներում, հետո էլ չդառնա քաղցկեղային հիվանդությունների զարգացման հնարավոր պատճառ։

«Որպեսզի պատկերացնեք՝ գազավորված և չգազավորված ջրերի ու հյութերի վաճառքից Հայաստանում տարեկան գոյանում է 12 հազար տոննա քաշով և 0,5 մլրդ-ից ավելի քանակով պլաստիկե թափոն։ Սրանք ահռելի թվեր են։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունն այն քաղաքական և տնտեսական գործիքն է, որը ֆինանսական միջոցներ կստեղծի վերամշակման արժեշղթայի գործարկման համար»,- վստահեցնում է փորձագետը։

Տնտեսական ազդեցության գնահատման ցուցանիշների համաձայն՝ Հայաստանում տարեկան գոյացող մոտ 90 հազար տոննա սպառողական աղբից ԱԸՊ օրենքի ընդունման շնորհիվ կվերամշակվի շուրջ 40 հազար տոննան։ Թափոնը հավաքելու, տեսակավորելու և վերամշակելու տարբեր օղակներում կստեղծվի 320-400 նոր կանաչ աշխատատեղ։ Առանձնացված ապրանքների համար հայտնի է նաև այն գինը, որը պետք է վճարվի երկիրը չաղտոտելու համար։

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի փորձագետ, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի գնահատմամբ՝ Հայաստանում ԱԸՊ համակարգի ընդհանուր ֆինանսական բեռը գնահատվում է տարեկան մոտ 3,2-4,2 մլրդ դրամ, որը բաժանվում է արտադրողների ու որոշ չափով նաև սպառողների միջև։ Ինչ վերաբերում է դրա պատճառով ապրանքների հնարավոր թանկացմանը՝ ըստ հաշվարկների՝ ընդհանուր գնաճի վրա այն կունենա չնչին՝ մինչև 0,1% ազդեցություն։

Օրենքն, ի դեպ, բիզնեսներին հնարավորություն է տալու ոլորտ առ ոլորտ միավորվել, ստեղծել ԱՊԿ՝ Արտադրողի պատասխանատվության կազմակերպություն, որն էլ բոլոր անդամներից գումար հավաքելով կզբաղվի թափոնների վերամշակմամբ։ ԱԸՊ մեխանիզմն առանց դժվարությունների ներդնելու նպատակով դրա կիրառումը պետությունը սկսելու է խոշոր տնտեսվարողներից․ օրինագծի հանրային քննարկման ժամանակ հայտարարել է կառավարության ներկայացուցիչը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը խոսեց օրինակներով․ «Երկրում ունենք կոնկրետ գինի արտադրող 142 ընկերություն։ ԱԸՊ-ի ներդրման համար ընտրել ենք տարեկան 20 հազար լիտրից շատ արտադրողներին, որոնց թիվն ընդամենը 37 է։ Համակարգին նրանց միանալու արդյունքում կլուծենք շուկայում առաջացող տվյալ թափոնի 92 տոկոսի հարցը։ Նույն սկզբունքով առանձնացված 6 ապրանքախմբերի՝ ընդհանուր թվով 2 000 ընկերությունից, օրենքը տարածվելու է միայն 300 խոշոր բիզնեսի վրա»։

ԱԸՊ համակարգ ներդնելու վերաբերյալ մեր երկիրը պարտավորվել է Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Օրինագծի վերջնական տարբերակին կարելի է ծանոթանալ Իրավական ակտերի e-draft հարթակում։