Այս պահին ունենք բարձր տնտեսական աճ և ոչ շատ բարձր գնաճ. ԿԲ նախագահի տեղակալ
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:
Նրա խոսքով՝ 2026 թվականի համար ամենակարևոր մակրոտնտեսական իրավիճակի տեսանկյունից անորոշությունները հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի են, այդ թվում՝ նավթի գների հետ կապված վայրիվերումները:
«ՀՀ-ում դրա հետևանքով գնաճը որոշակիորեն բարձրացել էր, վերջին ամսում նորից նվազեց, և այս պահին մենք ունենք բարձր տնտեսական աճ և ըստ էության՝ ոչ շատ բարձր գնաճ»,- հայտնեց Նուրբեկյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ներքին տնտեսության տեսանկյունից զարգացումները բավականին դրական են հիմնականում պահանջարկի տեսանկյունից:
«Ունենք շատ լուրջ տուրիզմի աճ, որն իր հետ բերել է լուրջ արտարժութային ներհոսք, պահանջարկի տեսանկյունից ունենք բավականին լավ ֆոն»,- հայտնեց Նուրբեկյանը՝ ընդգծելով՝ ներքին տնտեսությունում գնաճը պետք է լինի ուշադրության կենտրոնում, քանի որ այս պահին թիրախից բարձր է: