Snap-ը ներկայացրել է նոր լրացված իրականության ակնոցներ՝ 2195 դոլար արժողությամբ

Snap-ը ներկայացրել է նոր լրացված իրականության ակնոցներ՝ 2195 դոլար արժողությամբ

Snap ընկերության ղեկավար Էվան Շպիգելը ներկայացրել է լրացված իրականության նոր ակնոցները՝ Specs-ը, որոնց արժեքը կազմում է 2195 դոլար: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Սարքը նախատեսված է լայն սպառողական լսարանի համար և կոչված է փոխարինելու սմարթֆոններին, որոնց էկրաններից օգտատերերը, ըստ ընկերության, արդեն հոգնել են։

Նորույթը գնորդների համար կարժենա ավելի քան 15 անգամ թանկ, քան 2016 թվականին թողարկված Spectacles ակնոցների առաջին տարբերակը։ Շպիգելի խոսքով՝ առաջին iPhone-ի թողարկումից գրեթե 20 տարի անց մարդիկ «պատրաստ են այլ կերպ մտածել թվային տեխնոլոգիաների մասին»։

Specs ակնոցներն ունեն թափանցիկ ոսպնյակներ, որոնք թույլ են տալիս թվային բովանդակությունը համատեղել իրական աշխարհի հետ, ապահովում են մինչև չորս ժամ ինքնավար աշխատանք և ինտեգրված են արհեստական բանականության գործիքների հետ, որոնք մշակվել են Anthropic և OpenAI ընկերությունների կողմից։ Սարքի վաճառքը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում նախատեսվում է սկսել այս տարվա ավելի ուշ շրջանում։