ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնը կրթական ծրագրերի հասանելիությունն ապահովում է Հայաստանի ամբողջ տարածքում

ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնը  կրթական ծրագրերի հասանելիությունն  ապահովում է Հայաստանի ամբողջ տարածքում
ՀՀ ՊԵԿ Ուսումնական Կենտրոնը շարունակում է ընդլայնել կրթական ծրագրերի շրջանակը՝ ապահովելով նոր թեմաների ավելի լայն հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի մաքսային և հարկային ոլորտներում հմտությունների զարգացման հասանելություն էլ․ ուսուցման (e-learning) միջոցով» ծրագիրը, որն ուղղված է ՊԵԿ ուսումնական կենտրոնի մաքսային և հարկային ուղղություններով հավաստագրված նոր կրթական ծրագրերի թվայնացմանը։
Առկա ուսուցման ձևաչափից դեպի թվային լուծումների անցումը հնարավորություն կտա ՀՀ մարզերում ապահովել ոլորտների նկատմամբ հետաքրքրություն ունեցող թիրախային խմբերի համար մասնագիտական հմտությունների զարգացման առավել լայն և ներառական հասանելիություն՝ նպաստելով որակյալ մասնագիտական ներուժի ձևավորմանը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ, Grant Thornton Armeniaի հետ համագործակցությամբ և TaiwanBusiness-EBRD տեխնիկական համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Պաշտոնական գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների, գործընկեր և ոլորտային փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի համար մարդկային կապիտալի զարգացումը ռազմավարական առաջնահերթություն է: «Մենք ձգտում ենք ստեղծել մի համակարգ, որտեղ ուսուցումը կլինի ոչ թե ժամանակակից միջոցառում, այլ մշտապես հասանելի գործիք։ Ծրագիրը մի կողմից վերացնում է աշխարհագրական խոչընդոտները և անկախ նրանից, թե որ տարածքում է անձը գտնվում, կարող է ստանալ որակյալ կրթության հավասար հասանելիություն։ Մյուս կողմից էլեկտրոնային ուսուցումը մեզ թույլ կտա արագ արձագանքել փոփոխվող մարտահրավերներին և պահպանել մեր մասնագետների մրցունակությունը», - նշել է Կարեն Թամազյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները։ Այնուհետև տեղի է ունեցել քննարկում՝ էլեկտրոնային ուսուցման (e-learning) և թվային գործիքների դերի ու ազդեցության վերաբերյալ։