Հայաստանում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ութերորդ փուլը. Խուդաթյան
Հայաստանում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ութերորդ փուլը, ինչի արդյունքում համայնքների թիվը 70-ից կդառնա 64։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթն երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվում է համայնքների միավորման գործընթացը շարունակել հանրապետության երեք մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Վայոց Ձորում։
«Լոռու մարզում առաջարկվում է ձևավորել Ստեփանավան միավորված համայնքը, որի մեջ կմտնեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ իրենց բոլոր բնակավայրերով։ Դրանք ընդհանուր առմամբ 20-ն են»,-հավելեց Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում նախատեսվում է ստեղծել Գորիս խոշորացված համայնքը, որը կներառի ներկայիս Գորիս, Տեղ և Տաթև համայնքները։ Նոր համայնքի կազմում կլինի ընդհանուր առմամբ 28 բնակավայր։
Վայոց Ձորի մարզում էլ ծրագրվում է ձևավորել Եղեգնաձոր խոշորացված համայնքը, որի մեջ կմիավորվեն ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները (ընդհանուր 32 բնակավայր)։
Նախարարը ասաց նաև, որ նշված համայնքների համար սա արդեն խոշորացման երկրորդ փուլն է, քանի որ ավելի մեծ վարչական միավորների մեջ են ներառվելու այնպիսի համայնքներ, որոնք նախկինում արդեն մեկ անգամ խոշորացվել են։
Խուդաթյանը հիշեցրեց, որ վարչատարածքային բարեփոխումների նախորդ յոթ փուլերի արդյունքում Հայաստանում համայնքների թիվը կրճատվել է՝ հասնելով 70-ի, որոնցից 63-ը խոշորացված են. «Չեն խոշորացվել մայրաքաղաք Երևանը, Գյումրի քաղաքը և ազգային փոքրամասնություններով բնակեցված հինգ համայնք։ Խոշորացման ութերորդ փուլի արդյունքում համայնքների ընդհանուր թիվը կդառնա 64, որոնցից 57-ն արդեն իսկ կլինեն միավորված»:
Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում է նաև խոշորացված համայնքների ավագանիների ընտրությունների նշանակման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների փոխանցման կարգը։
Նախարարն ընդգծեց, որ համայնքների խոշորացումը «մեխանիկական» գործընթաց չէ։
«Սա առաջին հերթին մասնագիտական ու ֆինանսական ներուժի մեկտեղում է՝ ավելի մեծ վարչատարածքային միավորների շրջանակում շատ ավելի լայնածավալ խնդիրներ լուծելու համար»,-ասաց նա:
Խուդաթյանը նաև հավելեց, որայս մոտեցման արդյունավետության լավագույն ապացույցը կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող տասնյակ միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրերն են, որոնք զգալիորեն փոխել են բազմաթիվ բնակավայրերի դեմքը։
Ըստ նրա՝ Կառավարությունն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր չեն այս փուլով եզրափակել համայնքների խոշորացման գործընթացը։
«Որոշ ժամանակ անց մենք Ազգային ժողովին կրկին կներկայացնենք նոր համայնքների միավորման առաջարկներ՝ ակնկալելով ձեր հավանությունը»,-ասաց նախարարը։