ԱԺ-ում քննարկվել են օրինապահ հարկ վճարողների պայմաններն ու գործիքակազմն առավել գրավիչ դարձնելու առաջարկները

ԱԺ-ում քննարկվել են օրինապահ հարկ վճարողների պայմաններն ու գործիքակազմն առավել գրավիչ դարձնելու առաջարկները

րինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու, դրա ներդրման համար անհրաժեշտ լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրման կարգավորումների վերանայմամբ արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում:

Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի ներկայացմամբ առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ միաժամանակ նախատեսելով դրա գործողության դադարեցման հնարավորություն: Այսուհետ նման հավաստագիր ունեցող տնտեսավարողների գործունեությունը կենթարկվի եռամսյակային մշտադիտարկման, ինչը կապահովի նրանց շարունակական օրինապահ վարքագիծը և կազատի յուրաքանչյուր 12 ամիսը մեկ նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտությունից:

Առաջարկվում է նաև համալիր հարկային ստուգումների պլանավորման ընթացքում օրինապահ հարկ վճարողների ռիսկայնությունը գնահատելիս կիրառել 0,8 նվազեցնող գործակից: Ըստ հիմնական զեկուցողի՝ սա նշանակում է, որ ռիսկերը կնվազեն 20 տոկոսով, ինչն իր հերթին կպակասեցնի համալիր ստուգումների հաճախականությունը:

Նախատեսվում է ներդնել հարկ վճարողների սպասարկման անհատական մոտեցումգ յուրաքանչյուր օրինապահ հարկ վճարողի համար կնշանակվի անհատական մասնագետ, որը կապահովի շարունակական և հասցեական աջակցություն:

Համլետ Սահակյանը նշել է, որ զուգահեռաբար շրջանառության մեջ է դրվել նաև որոշման նախագիծ, որով նախատեսվում է վերանայել օրինապահության չափանիշները: Օրենքի ընդունումից հետո այն կներկայացվի Կառավարության քննարկմանը:

Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ: