Աշխատանքային անվտանգությունը՝ որպես մշակույթ. Ամուլսարում գրանցվել է 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի (LTI) ցուցանիշը
Օրերս Լիդիան Արմենիա-ի աշխատակիցները և Ամուլսարի ծրագրում ներգրավված կապալառու ընկերությունների ներկայացուցիչները հանդիսավորությամբ նշեցին Ամուլսարում շինարարական աշխատանքների ընթացքում իրենց համատեղ գրանցած հաջողությունը՝ 1 մլն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը։
Հանքարդյունաբերության ոլորտում այս ցուցանիշով գնահատվում է առողջության և աշխատանքային անվտանգության ոլորտում ընկերությունների գործունեությունը։ Այն նշանակում է, որ ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 1 միլիոն ժամ՝ առանց որևէ պատահարի, որի հետևանքով աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ չկարողանար վերադառնալ իր հիմնական պարտականություններին։

Միջոցառման ընթացքում Լիդիան Արմենիա-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ևս մեկ անգամ կարևորելով Ամուլսարում աշխատանքային անվտանգությունը` ողջունեց և շնորհավորեց թիմին՝ միաժամանակ պահանջելով` ամեն օր, ամեն ժամ բարելավել աշխատանքային անվտանգության մակարդակը Ամուլսարում։ Նա հիշեցրեց, որ պատշաճ աշխատանքային անվտանգության ապահովումը թիմի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է. այն թիմային աշխատանքի և այն միմյանց մասին հոգ տանելու մասին է։

«Լիդիան Արմենիայի և ինձ համար անհատապես Ամուլսարում աշխատանքային անվտանգության պատշաճ ապահովումը միշտ եղել է առաջնահերթություն։ Դրանք զուտ խոսքեր չեն, այլ մեր հանձնառությունը և տարիների ընթացքում ձևավորված այն մշակույթը, որով մենք շարունակում ենք առաջնորդվել, ինչպես նաև տարածել այդ մշակույթը մեր գործընկերների շրջանում և համայնքներում։ Ամուլսարի ծրագրում յուրաքանչյուր ոք պետք է վերադառնա տուն անվտանգ և ապահով»,- նշեց Հայկ Ալոյանը։

Միջոցառումն ամփոփվեց խորհրդանշական ստորագրման արարողությամբ. թիմի յուրաքանչյուր անդամ ստորագրեց հատուկ պատրաստված պաստառը՝ մեկ անգամ ևս վերահաստատելով անվտանգ աշխատելու և միմյանց մասին հոգ տանելու հանձնառությունը։
