Քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել կոմիտեի կողմից անշարժ գույքի գրանցման, իրավունքների ու սահմանափակումների գրանցման ինստիտուտի վերափոխման ուղղությամբ: Ըստ այդմ՝ զեկուցվել են իրավունքների պաշտպանության և երաշխավորման գործող օրենսդրական կարգավորումների, գրանցված գույքի օտարման հիմքով սեփականության իրավունքի փոխանցման գործող ընթացակարգերի ռիսկերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել չգրանցված գույքի գրանցման գործող ընթացակարգին: Ներկայացվել է նաև տարբեր պետությունների փորձը ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ բարեփոխումների նպատակը վարչարարության պարզեցումն ու սեփականության իրավունքի պաշտպանության ուժեղացումն է։ Այս համատեքստում ներկայացվել են առաջարկություններ վերոնշյալ նպատակների իրականացման ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի վերափոխմանն ուղղված ծրագրերը, ընդգծել, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենաարդյունավետ մոտեցումն այն փոքր քայլերով մեկնարկելն է: Այս համատեքստում Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ։