Փոփոխություններ են արվել անապահովության գնահատման համակարգում

Փոփոխություններ են արվել անապահովության գնահատման համակարգում
Անապահովության գնահատման նոր համակարգից օգտվելու համար տարբեր փոփոխություններ են արվել, որպեսզի մի շարք ընտանիքների վրա բացառող գործոնները չազդեն։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով անապահովության գնահատման նոր համակարգը։
Նշենք, որ համակարգն ամբողջությամբ ներդրվելու է հանրապետությունում հուլիսի 1-ից։ Այն փոխարինելու է ընտանեկան նպաստների այսօր գործող համակարգին։ Նոր համակարգի ներդրման մասին խոսակցությունները սկսվել են 2024 թվականից, բայց կառավարության որոշումն ընդունվել է 2025 թվականին։ Մինչ օրս, որպես պիլոտային ծրագիր, այն իրականացվել է 2 մարզում` Կոտայքում և Սյունիքում։
«Մենք այժմ կառավարությանը փոփոխություններ ենք առաջարկել, որոնք հիմնված են պիլոտային ծրագրի ընթացքում վեր հանված խնդիրների և տեխնիկական բացերի վրա։ Պիլոտային ծրագրի ժամանակ կային որոշ բացառող գործոններ, ինչի արդյունքում նպաստի կարիք ունեցող ընտանիքները դուրս էին մնացել ապահովության գնահատման համակարգից, այժմ այդ բացառող գործոնները չեն լինի, և այդ ընտանիքներն էլ անապահովության նպաստ կստանան։ Ամեն ամիս թվային համակարգը կգնահատի իրավիճակը»,– նշեց Քոչարյանը։
Նա ընդգծեց` հիմնական գործոնը, որի պատճառով մի շարք ընտանիքներ դուրս էին մնում` վարկային պարտավորությունները ժամանակին չմարելն էր ու այն, որ երաշխավոր էին հանդիսանում այնպիսի անձի, որն իր վարկային պարտավորությունը չէր մարել։
Այժմ հաշվի է առնվում վարկի վաղեմության ժամկետը, ինչպես նաև հստակ նշված է այն, թե որքան ժամանակ պետք է մարումներ չլինեն, որ բացառող գործոն չլինի։
Նյութն ամբողջությամբ՝ Սպուտնիկ Արմենիա