Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի 2025 թ. գործունեության տարեկան հաղորդումը

Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի 2025 թ. գործունեության տարեկան հաղորդումը

Հաղորդումը կազմված է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ներառելով կառույցի գործունեության ակնարկը, հաշվեքննությունների արդյունքներն ու ինքնավերլուծության հիման վրա բացահայտված մարտահրավերները: Ամփոփելով պետական ֆինանսական հսկողության ոլորտում իրականացված աշխատանքներն ու ինստիտուցիոնալ զարգացումները՝ նշել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 15-ին հրավիրված արտահերթ նիստում ներկայացվել է Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդումը:

Ատոմ Ջանջուղազյանը շեշտել է, որ պալատի գործունեության հիմնական նպատակը հանրային միջոցների օգտագործման օրինականության և արդյունավետության բարձրացումն է՝ հանրային վստահության ամրապնդման ճանապարհով:

Պալատի նախագահը փաստել է, որ հաստատությունը գործում է լիարժեք անկախ՝ ինքնուրույն սահմանելով հաշվեքննությունների թեմաներն ու առաջնահերթությունները, սակայն, միևնույն ժամանակ, պահպանում է բարձր հաշվետվողականություն Ազգային ժողովի և հանրության առջև: Նրա խոսքով 2025 թվականին պալատը շարունակել է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ անդամակցելով INTOSAI, EUROSAI և ASOSAI կազմակերպություններին, ինչպես նաև հաստատել երկկողմ կապեր Շվեդիայի, Լատվիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների աուդիտորական մարմինների հետ:

Ինչ վերաբերում է ֆինանսական ցուցանիշներին, ապա նախատեսված շուրջ 1 միլիարդ դրամ բյուջեից օգտագործվել է 83 տոկոսը՝ 830,2 միլիոն դրամը, որի հիմնական մասն ուղղվել է աշխատավարձերի վճարմանը: Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է տարածքային խնդիրը՝ նշելով, որ պալատի՝ երկու տարբեր մասնաշենքերում տեղակայված լինելը հավելյալ ծախսեր է առաջացնում: Մասնավորապես, գործունեության կազմակերպման համար ծախսված 95 միլիոն դրամի մեջ 48 միլիոնը կազմել է վարձակալության վճարը, ինչը ավելի շատ է, քան պալատի ընթացիկ գործունեության մնացած բոլոր ծախսերը միասին վերցրած: Պալատի նախագահը հույս է հայտնել, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերի հավելվածով նախատեսված միջոցները հնարավորություն կտան մոտ ապագայում միավորվել մեկ տարածքում:

Անդրադառնալով օրենսդրական բարեփոխումներին՝ պալատի նախագահը նշել է, որ 2024 թվականին ընդունված «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենքն արմատապես փոխել է կառավարման մոդելը: Ներդրվել է հանրային ծառայության նոր տեսակ՝ հաշվեքննիչ պալատի ծառայությունը, և մոտիվացիոն նոր մեխանիզմներ, ինչի արդյունքում այսօր պալատում աշխատում են 15 որակավորված աուդիտորներ:

Հաղորդման մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դատախազության հետ հարաբերություններին: Պալատի նախագահը պարզաբանել է, որ թեև Հաշվեքննիչ պալատն իրավապահ մարմին չէ և չի տալիս քրեաիրավական որակումներ, սակայն սերտորեն համագործակցում է Գլխավոր դատախազության հետ: Նա տեղեկացրել է, որ 2025 թվականին պալատը դատախազության հետ ունեցել է աշխատանքային հաղորդակցություն՝ տարբեր թեմաների շուրջ: Ատոմ Ջանջուղազյանը շեշտել է, որ երբ պալատի հրապարակած հաշվեքննության հաշվետվություններում առերևույթ հանցագործության հատկանիշներ են նկատվում, դատախազությունը հնարավորություն է ունենում օգտվել իր լիազորություններից և համագործակցել պալատի հետ՝ խնդիրներին իրավական գնահատական տալու համար:

Հանրային պահանջներին արձագանքելու համատեքստում նշվել է «Նաիրի» համայնքի օրինակը, որտեղ հողային աճուրդների և օտարման խնդիրները քննարկվել են ԱԺ հանձնաժողովների հետ համատեղ արտագնա նիստում: Այս քննարկման արդյունքում հաշվի առնելով այլ համայնքներում նույնատիպ ռիսկերը՝ 2026 թվականի ծրագրում արդեն  ներառվել են համայնքային հողերի կառավարման և գնումների գործընթացների նպատակային հաշվեքննություններ:

Ինչ վերաբերում է ապագա անելիքներին, ապա պալատը հաստատել է 2026-2032 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը, որը թիրախավորում է 7 հիմնական ոլորտ՝ առողջապահություն, կրթություն, շրջակա միջավայր, արդարադատություն, տնտեսություն, պետական ֆինանսներ և համայնքներ: 2026 թվականի համար նախատեսված է իրականացնել 6 կատարողականի, 3 համապատասխանության և 1 համակցված հաշվեքննություն՝ ուղղված հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Զեկուցողը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: